Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց իհարկե հասկանում ենք, որ ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայիում լինում է տեղեկատվության պակաս և որոշակի բարդություններ օգտվելիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նոր համակարգի ներդրումը բազմաթիվ բողոքներ է առաջացրել քաղաքացիների ու դեղատների աշխատակիցների շրջանում։

«Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր խնդիրներն ու բողոքները, եթե խնդիրներ կան, դրանց արագ լուծում են տրվում, ինչպես նաև ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց: Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է: Իհարկե ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են հենց առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը։ Վստահ եմ՝ այս քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիությանը»,- նշեց Ավանեսյանը:

Հարցին՝ ինչին են վերաբերվում բողոքները, նա արձագանքեց, որ դրանք հիմնականում կապված են լինում տեղեկատվության պակասի հետ։

«Այսինքն՝ մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ օրինակ միևնույն դեղը մի քանի անգամ ձեռք բերելու համար, ամեն անգամ պիտի՞ գնան դեղատոմս ստանալու։ Մենք ասում ենք, որ ոչ՝ անհրաժեշտություն չկա, մեկանգամյա դեղատոմսով կարող են բավականին երկար ժամանակի համար դուրս գրվել դեղեր և քաղաքացին ամեն անգամ դրա համար բժշկի չգնա», - ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է մինչ նոր համակարգի ներդրումը մասամբ գնված դեղերին, որոնցով բուժման կուրսը դեռ շարունակվում է, ապա Ավանեսյանը նշեց, որ հարկավոր է փոխել դեղատոմսն էլեկտրոնային տարբերակի և դեղերի մյուս մասը ձեռք բերել նոր դեղատոմսի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել