Ուկրաինայի պաշտպանության նախարարությանն առընթեր հետախուզության գլխավոր վարչությունը, վկայակոչելով երկրի նախագահին առընթեր հետախուզության կոմիտեն, հայտնել է, որ ռուսական հատուկ ծառայությունները երկրում իրականացնում են «Մայդան-3» գործողությունը՝ նպատակ ունենալով խաթարել նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Կոմիտեի տվյալներով՝ գործողության ակտիվ փուլը տեղի կունենա այս տարվա մարտից մայիս։ Կոմիտեի կարծիքով՝ ռուսական հատուկ ծառայությունների պլանի համաձայն՝ Ուկրաինայում իրավիճակը «կապակայունացվի» մինչև հունիսի առաջին կեսը։ Իսկ այս պահին Ռուսաստանը մտադիր է հարվածներ հասցնել ուկրաինական զինված ուժերին արևելքում։

Զեկույցում ասվում է, որ ռուսական հատուկ ծառայությունները նախատեսում են օպերացիա իրականացնել ոչ միայն Ուկրաինայի ներսում, այլև դրանից դուրս՝ նպատակ ունենալով «մյուս երկրներին մղել» ուղիղ երկխոսություն սկսել զինված հակամարտության շուրջ՝ առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության։

Ըստ կոմիտեի՝ Ռուսաստանը մտադիր է բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում՝ հասարակության մեջ «դավադրության տեսություններ» տարածելով։

Այսօր ավելի վաղ ուկրաինական «Зеркало недели» հրատարակությունը հայտնել էր, որ նախագահի աշխատակազմը մտադիր է դիմել երկրի Սահմանադրական դատարան՝ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների օրինականության հարցով մայիսի 20-ից հետո, երբ լրանա նրա նախագահական ժամկետը։ Իշխանությունները մտադիր են պարզել նաև՝ հնարավո՞ր է արդյոք երկրում նախագահական ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել են ռազմական դրության պատճառով։ Ինքը՝ Զելենսկին, հրաժարվել է ընտրություններ անցկացնել՝ պատճառաբանելով, որ ուկրաինացիների մեծամասնությունը նման պայմաններում քվեարկությունը համարում է «վտանգավոր և անիմաստ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել