Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: «Այս պահին աշխատում ենք եւ էլեկտրոնային, եւ թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների կողմից: Այս համակարգում ներգրավված են բոլոր պոլիկլինիկաները, թե քաղաքային, թե մարզային ու գյուղական ամբուլատորիաները: 

Մարտից մենք ներառում ենք հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը եւ իմունային շիճուկները, ինչպես նաեւ պատվաստանյութերը»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գործելու համակարգը, Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն ասաց. «Բժիշկը դուրս է գրելու դեղը էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է ստանա դեղերը, քանի հաբից պետք է ստանա, որից հետո  պացիենտը գնում է դեղատուն: Դեղատանը պացիենտի անունով որոնում են եւ տեսնում են դեղատոմսը: Այսինքն դեղատներին հասանելի չէ դեղատոմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց: Պացիենտը դիմում է դեղատուն, գտնում են դեղատոմսը, դեղատոմսում նշում են քանակը՝ ինչքան տրամադրեցին, եւ դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են:  Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող  է դեղերը վերցնել մաս-մաս, եւ դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»:

Նրա խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ դեղատունը եւ բժիշկը  տեսնեն դեղատոմսերի ընթացքը. «Բժիշկը տեսնում է, որ պոցիենտը մոտեցել, վերցրել է դեղատոմսերի որոշակի քանակ կամ ամբողջությամբ ստացել է, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել: Թե ինչքան դեղ է սպառվել, ինչքան է դուրս գրվել, քանի պացիենտ է ստացել  դեղերը. Այս բոլորը գրանցամատյաններով հասանելի կլինեն եւ դեղատանը, եւ բժշկին, եւ բուժհաստատությանը:

Էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր կլինի հետագծելիությունը վերահսկել եւ ժամանակի ընթացքում ամբողջությամբ թվայնացնելու դեպքում հանրապետություն մտած դեղը մինչեւ պացիենտ, մինչեւ դրա կողմնակի ազդեցություններ, հնարավոր կլինի հավաքել եւ ստանալ ամբողջական պատկեր»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դա նշանակում է, որ այդ դեղատունը իրավունք չունի այդ տվյալներին հասանելիություն ունենալ, որովհետեւ պետք է ինքն անի նույնականացում: «Բուժառուի փոխարեն կարող է լինել կոնտակտային անձը, բայց նա էլ  պետք է ներկայան անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը տալիս է  ճիշտ մարդու»:

Հարցին՝ բոլոր դեղատները տեղեկացվա՞ծ են այս համակարգից, Սարգսյանը պատասխանեց, որ դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների մեծ մասն արդեն իսկ ներգրաված են, քանի որ ունեն պայմանագրեր բուժհաստատությունների հետ. «Մնացած դեղատների համար բոլոր տարբերակներով իրականացվել է իրազեկում: Ստեղծել ենք ուղեցույց, ուղարկել ենք իրենց, որպեսզի իմանան, թե ինչ քայլից սկսեն, ինչպես անեն, որ ունենան հասանելիություն համակարգին: Բնականաբար, երբ սկսենք, անընդհատ կապի մեջ կլինենք իրենց հետ»:

Դա արվելու է Արմեդ համակարգով, հետեւաբար, բոլոր դեղատները պետք է ընդգրկվեն Արմեդ համակարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել