168.am-ը գրում է․

Հայաստանի և Ռուսաստանի համար այս դժվարին օրերին 2 ժողովուրդներին էլ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշակոթողի անմար կրակի մոտ Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս օրը լցված է հատուկ իմաստով, քանի որ այն խորհրդանշում է մարտական եղբայրության այն շատ խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում համախմբել են մեր ժողովուրդներին: Սա ևս մեկ առիթ է հիշելու այն մեծ հաղթանակը, որը Խորհրդային Միության ժողովուրդները միասին տարել են նացիզմի դեմ մահացու պայքարում։ Այդ հաղթանակը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին տվել է ազատ և արժանի ապրելու հնարավորություն: Նացիզմի դրսևորումները մինչև վերջ արմատախիլ չեն արվել, և այժմ մենք պետք է պայքարենք, որպեսզի այս չարիքը չստանա իր զարգացումը, քանի որ դա շատ վտանգավոր է բոլորի համար»,– նշեց Կոպիրկինը։

Նա ընդգծեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ–ն այսօր բախվում է շատ լուրջ մարտահրավերների, ուստի հայրենիքի պաշտպանի, Զինված ուժերի նկատմամբ հարգանքը, երախտիքի տուրք է նրանց: Դեսպանը շեշտեց, որ հունվարի 28-ին` ՀՀ բանակի օրը, զգացել է, թե որքան հարգալից վերաբերմունք է ցուցաբերվում հայրենիքի պաշտպանների նկատմամբ և որքան է կարևորվում նրանց առաքելությունը։ Դիվանագետը նշել է` Ռուսաստանը նույնպես պայքարում է նացիզմի դեմ, որն իրենց երկրի համար պայքար է ոչ միայն իր անվտանգության, այլև գոյատևման համար։

«Այս դժվարին օրերին մեզ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ»,- ասաց Կոպիրկինը։

Նրա պնդմամբ` Հայրենիքի պաշտպանի օրը հնարավորություն է ևս մեկ անգամ մտածել այն արժեքների մասին, որոնք միախմբում են 2 ժողովուրդներին։

«Մենք շատ ուրախ ենք, որ ծաղիկների խոնարհման արարողությանը մեզ հետ էին մեր հատ գործընկերները, ՀՀ պաշպանության նախարարության ներկայացուցիչները։ Ավանդաբար, մենք միասին ենք նշում այս օրերը և կցանկանայի մաղթել, որ մեր համագործակցությունը պահպանվի մեր երկրների համար»,– նշեց դեսպանը։
Նա Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդներին մաղթեց բարօրություն, խաղաղություն, արժանապատիվ և երջանիկ կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել