![](/static/news/b/2024/02/856739.jpg)
Տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքն արդարացի է։ «Կա այդպիսի խնդիր, բայց նախ պետք է հստակեցնել մարդկանց իրենց իրավունքները, բացատրել դրանք։ Հայաստանում եկամտահարկը 20 տոկոս է, Ռուսաստանում երկու ռեժիմ կա․ ռեզիդենտների համար, այսինքն՝ այն անձանց համար, ովքեր 6 ամիս աշխատում են եւ հետագա 12 ամիսը պետք է գտնվեն ՌԴ-ում, այդպիսի մարդկանց համար եկամտահարկը 13 տոկոս է, իսկ ոչ ռեզիդենտների համար, տվյալ դեպքում՝ խոպանչիների համար, 30 տոկոս է։ Նախ ես կասկածում եմ, որ այդ մարդիկ 13 տոկոս են վճարել, որովհետեւ եթե խոպանչի է, արտագնա աշխատանքի է մեկնել, աշխատել է մինչեւ 6 ամիս, ապա նա չի մնում, աշնանը հետ է վերադառնում, հետեւաբար, նրանցից գանձել են ոչ թե 13, այլ 30 տոկոս, ապա եթե այդ լոգիկայով շարժվենք՝ ՊԵԿ-ը մի բան էլ պետք է վերադարձնի։ Բայց եթե իրենք գտնում են, որ թղթի վրա ամեն ինչ կարգին է, խնդիր չկա, բայց այստեղ հարցը շատ ավելի գլոբալ է ու արմատական, վերաբերում է Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Իրենք վկայակոչում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստը՝ 2015 թ. հունվարից, եւ ասում են, որ 2015-ից եղել են այդ պահանջները։ Հիմա հարց՝ եթե եղել ու գործել է, ինչո՞ւ չեք կիրառել՝ նախկինները, ներկաները, ո՞րն է խնդիրը։ Հետեւաբար, քանի որ հիմա որոշել են հարկը քերել եւ հետն էլ հարկատուին հայտարարել ազգային հերոս, ինչն աբսուրդ է, երեւի խնդիրը քաղաքական է, ես կասեի՝ խնդիրը հակառուսական է։ Այդ ինչո՞ւ չեն խոսում Ղազախստանում աշխատող հայաստանցիներին հարկելու մասին, իսկ Ղազախստանում, ասեմ, եկամտահարկը 10 տոկոս է։ Ես սա համարում եմ ուղղակի հակառուսական ակցիա՝ այն ընդհանուր փաթեթի մեջ, որ այսօրվա իշխանությունը կիրառում է։ Լայն իմաստով՝ խնդիրն այն է, որ երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, այն ժամանակ` մինչեւ անդամակցելը, անհրաժեշտ էր հարկային օրենսդրությունը ներդաշնակեցնել, հատկապես ֆիզիկական անձանց եկամտահարկերի մասով, սակայն այն ժամանակ էլ քաղաքական խնդիրներ էին լուծում, եւ այդ պրոբլեմը մնաց չլուծված։ Ես հիշեցնեմ․ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք այդպիսի նախագծեր էին պատրաստել եւ փորձում էին արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց եկամուտները վերցնել հաշվառման ու հարկել։ Հիշեցնեմ, որ Հայաստանն աշխարհի 49 երկրների հետ, այդ թվում՝ նաեւ ՌԴ-ի, մինչեւ ԵԱՏՄ-ին միանալն ունեցել է, այսպես կոչված, կրկնակի հարկումից խուսափելու պայմանագիր, այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանագիր, որ եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ-ում եւ այնտեղ վճարում է հարկ, անկախ նրանից՝ ինչ մեծության ու ինչ հարկադրույքով, վճարելուց հետո այստեղ էլ չի հարկվելու։ Նույնը վերաբերում է ՌԴ քաղաքացիներին, որոնք աշխատում են Հայաստանում։ Այնպես որ, ես կարծում եմ՝ առաջնայինն այդ պայմանագիրն է, որը Հայաստանի եւ Ռուսաստանի գործող օրենսդրությունների հիման վրա է ժամանակին ստորագրվել։ Մինչ օրս, օրինակ, Հայաստանը չունի կրկնակի հարկումից խուսափելու պայմանագիր ԱՄՆ-ի հետ, դա խայտառակ փաստ է»,- ասաց Մարգարյանը՝ կառավարությանն առաջարկելով՝ հարկային համաներում կիրառել։
«Այս պրոբլեմը պետք է խորքային լուծում ստանա, հիմա մարդկանց պետք է հանգիստ թողնել։ Ես կառաջարկեմ մեր այսօրվա իշխանություններին՝ գնալ հարկային համաներման, այսինքն՝ ընդունել օրենք, որ այս կարգի բոլոր տարբերությունները զիջվում են։ Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն եկամտային հարկին, այսինքն՝ ֆիզիկական անձանց հարկմանը, այլեւ դիվիդենտների հարկմանը։ Այդ ինչո՞ւ է, որ որոշել են աշխատավարձերը եկամտային հարկի տարբերություններով պայմանավորված հարկել այստեղ, բայց չեն խոսում դիվիդենտների մասին՝ շահաբաժիններից հարկելու մասին։ Այսինքն՝ Հայաստանից մի խոշոր կապիտալ արտագաղթել է Ռուսաստան, այնտեղ եկամուտներ ու շահույթներ է ստեղծում, եւ այդ մարդկանց հարկերի տարբերություններով գանձումներ չեն անում, այդ մարդկանց չեն անհանգստացնում, ինչ է` ձեռքերը նրանց չի՞ հասնում, թե՞ ուժները չի պատում, որ հիմա հարձակվել են խեղճուկրակ մարդկանց վրա։ Մարդիկ էլ ճարահատված վեր են կացել, ճանապարհներն են փակում։ Սա լուծում չէ, պետք է ուղեղով ու ողջամտությամբ գործել, ՊԵԿ-ի նախագահին կամ աշխատողներին ես չեմ մեղադրում, նրանք կատարողներ են, այդ հանձնարարականները տրվում են ամենավերեւում նստածի կողմից։ Միայն մարտունեցիները չեն, ամբողջ Գեղարքունիքի մարզն է խոպանչի, ամբողջ Շիրակի մարզն է խոպանչի, եւ այսօր ամենուրեք այդ երեւույթը տարածված է, եւ դա կոչվում է աշխատանքային շուկայի մոբիլություն։ Պետք է այս իրողությունը հաշվի առնելով՝ ներդաշնակեցնել հարկային օրենսդրությունները»,- ասաց Մարգարյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել