Օրերս Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հնչեցրած տարաբնույթ մտքերը վերլուծելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք կամ տեղյակ չեն տարածաշրջանում և աշխարհում ընթացող խմորումներից և ընդհանրապես, պատմությունից, կամ էլ հատուկ ընթանում են Հայաստանը վերջնական ֆիասկոյին տանող քաղաքականությամբ:
Ցանկացած մարդ, ով տեղյակ է աշխարհում և, մասնավորապես, Արևելքում ընթացող և պատմության խորքերը տանող հակամարտություններին, կարող է փաստել, որ թշնամու առաջ ծնկի գալով և նրան ամեն ինչ զիջելով ոչ միայն չես հասնի խաղաղության, այլև կբերես նորանոր պատերազմներ և արհավիրքներ: Դա է աշխարհի օրենքը՝ սկսած վաղ պատմական ժամանակներից մինչև մեր օրեր: Այլ կերպ ասած, եթե գայլերի ոհմակում պատրաստ չլինես դիմակայության և խաղաղություն քարոզես, քեզ պարզապես կհոշոտեն: Այսինքն կենդանի մնալու միակ շանսն այս դեպքում պայքարի պատրաստ լինելն է, ոչ թե հրաժարվելն է պատմական իրողություններից, հայրենիքից, հայ լինելուց և այսպես շարունակ:
Փաշինյանի կողմից ցլերի կողքով կարմիր շորով անցնելու կենցաղային օրինակը վերոնշյալի լավագույն դրսևորումն է:
Կարճ ասած, պետք չէ անիմաստ տեղը գրգռել Ադրբեջանին, որ նա հանկարծ չհարձակվի, քանի որ մենք «շատ թույլ ենք»:
Իսկ աշխարհում մենք բազմիցս հանդիպել և հանդիպում ենք տարբեր ժողովուրդների ավելի հզոր հակառակորդների դեմ հաջող պայքարի օրինակներ: Հակառակ դեպքում չէին լինի Արցախյան առաջին պատերազմը, Բաշ Ապարանը, Սարդարապատը և այսպես շարունակ: Սա միայն մեր ժողովրդի հաջող պայքարի օրինակներն են: Հիշեցնենք, որ 1918թ. Հայաստանի որոշ ռազմական գործիչներ նույնպես չէին ցանկանում պատերազմել ավելի ուժեղ թուրքերի դեմ և ուզում էին խաղաղություն խնդրել, սակայն խաղաղությունը վրա հասավ Սարդարապատում թուրքերի ջարդից հետո, երբ Թուրքիան ինքը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և պատրաստակամություն հայտնեց բանակցությունների գնալ:
Իսկ հիմա հայաստանյան իշխանություններն և նրանց սպասարկող որոշ «փորձագետներ» փորձում են մեզ համոզել, որ դիվանագիտությամբ և արևմուտքի կողմից երաշխիքներ ստանալով կարելի է կանխել պատերազմը, որ «Ցեղասպանությունը» նախկինների նախնիների էր միայն վերաբերում:
Իհարկե, դիվանագիտությունը շատ կարևոր գործիք է, և առանց դրա նույնպես չի կարելի, բայց լինում են դեպքեր, երբ այն նույնպես անզոր է գտնվում, օրինակները քիչ չեն:
Իսկ Փաշինյանի կողմից հնչեցվող այն թեզը, թե մեր բանակը պետք է նախատեսված լինի միայն մեր սահմանները պաշտպանելու համար, շարունակում է կարմիր շորի և ցլերի տրամաբանությունը:
Ասածս բնավ չի ենթադրում, թե պետք է մարտի նետվել առանց հաշվարկի և ռազմավարության: Դա, իհարկե հիմարություն կլինի: Բայց կատարյալ անմտություն է նաև պնդել, որ կարելի է խուսափել պատերազմից, եթե «ցլերի մոտով անցնես առանց կարմիր շորի», քանի որ իրականում ցլերին գրգռում է ոչ թե կարմիր շորը, այլ հենց մարդը, ով անցնում է իրենց կողքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել