Հայաստանը սահմանազատման քարտեզների հարցով Ադրբեջանի հետ բանակցություններում հետընթաց է նկատում. ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. ամփոփիչ ասուլիսից մեջբերում
Իսկ ինչի՞ հետ է սա կապված:
• Ադրբեջանը երկար ժամանակ հայտարարում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման սահմանագծման գործընթացը պետք է դուրս բերել խաղաղության պայմանագրի նախագծից, մինչդեռ հայաստանյան կողմն ավելի հակված էր, որ սա լինի խաղաղության պայմանագրի մաս, որպեսզի բոլոր խնդիրները միանագամից լուծում ստանան: Սակայն հետո նաև հայաստանյան կողմն արեց հայտարարություններ, համաձայն որոնց գործընթացները կարող են տարանջատվել: Ինչպե՞ս հայկական կողմը հանգեց այդ եզրահանգմանը հարկադրանքի՞ ներքո թե՞ միջազգային պրակտիկայի հիման վրա, թե՞ երկուսը միասին, դժվար է ասել:
• Ադրբեջանը, փաստացի, տարբեր հայտարարություններով հասկացնում է, որ որևէ կերպ հակված չի ֆիքսելու քարտեզները կոնկրետ Խորհրդային Միության վերջին շրջանի՝ փլուզումից առաջ եղած վիճակով: Ելնելով նախորդ փորձից պարզ է դառնում, որ Ադրբեջանն այստեղ ևս հակված է տարաբնույթ նոր պահանջներ դնելուն:
• Սահմանագծման և սահմանազատման գործընթացի ներքո հայաստանյան կողմն ակնկալել է, որ Ադրբեջանը դուրս կգա Հայաստանից օկուպացրած տարածքներից: Սակայն այստեղ էլ վիճակը որևէ կերպ հուսադրող չի, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով վերջին շրջանի հայտարարություններում անդրադարձել է այս հարցին պարզ նշելով, որ իրենք <<ոչ մի տեղ չեն գնա, ոչ մի քայլ չեն շարժվի, ո՛չ 2021 թվականի մայիսին, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից>>՝ ավելին թե ուղղակի թե անուղղակի ձևով տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, տարբեր առիթներով խոսելով Ջերմուկի, Երևանի մասին և այլն:
• Հայկական կողմը մշտապես պնդում էր, որ բանակցային գործընթացը թեկուզ հենց նույն խաղաղության պայմանագիրը կամ դրա մեջ ֆիքսված հիմքերով սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է ունենա երաշխավորներ, որին Ադրբեջանը չէր համաձայնում: Փաստացի բանակցային տարբեր հարթակների մրցակցության արդյունքում գործընթացն ընթացավ <<առանց միջնորդների>>:
• Այստեղ ևս շատ հետաքրքիր է պրոյեկցիան սահմանազատման և սահմանագծման գործընթացի վրա: Խոսվում էր Համատեղ հանձնաժողովի մասին, բայց դեռ միայն պրոցեդուրալ հարցերն էին քննարկվում, և այստեղ ևս Ադրբեջանի նախագահը գործընթացից առաջ անցնելով հայտարարեց, թե հաջորդ նիստին կոնկրետ որ շրջանի կամ մարզի սահմանազատումն ու սահմանագծումն են իրականացնելու, այսինքն փորձեց ևս մեկ անգամ կանխորոշել գործընթացը կամ դրա հանգրվանը:
Վերադառնալով Միրզոյանի կողմից հիշատակված հետընթացին հարցեր են առաջանում՝
• արդյո՞ք հետընթացը միայն այս հարցում է,
• արդյո՞ք սրա դիմագրավման մեխանիզմները ֆիքված են,
• կամ կա՞ առհասարակ արդյունավետ դիմագրավում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել