keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

2020 թվականի պատերազմը մեզ միացրեց, իսկ 2023-ը՝ բաժանեց․ չհասցրինք երեխա ունենալ

visibility 587 commentմեկնաբանել

Mediahub.am-ը գրում է․

Հայ-ադրբեջանական անվերջանալի թվացող հակամարտությունն անցած 3 տասնամյակների ընթացքում պարբերաբար ընդհատվել է պատերազմներով՝ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի սահմանին։ 

Սակայն, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Արցախի կորուստն ու բռնի տեղահանումը թվում է փակեց պատերազմների էջը, բայց MediaHub-ի զրուցակցի խոսքով՝ «սա էլ վերջը չէ»։

«Խաղաղության ցանկացած պայմանագիր ուժը կկորցնի, եթե դա կնքնվում է Ադրբեջանի հետ։ Արցախը Հայաստանի հիմքն էր, եթե տան հիմքը փլուզվի, տունը կանգուն կմնա՞»,- հարցնում է Անգելինա Գրիգորյանը, ով հայրենիքի կորստին զուգահեռ կորցրեց սիրելի ամուսնուն և նրա մորեղբորը։ 

«Անդրեյ Այվազյանը 28 տարեկան էր, ծնվել է Շահմասուր գյուղում: Ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան մարտերը, ինքն առաջնագծում էր։ Զորացրվելուց հետո 2018 թվականին պայմանագրային հիմունքներով նորից զորակոչվել է բանակ, 2 տարի անց սկսվել է 44-օրյա պատերազմը։ Փրկվել է հրաշքով»,- պատմում է կինը, ցավով ավելացնում, որ սեպտեմբերյան մարտերը փոխեցին իր երազանքները, Անդրեյը ևս բռնեց անմահության ճանապարհը։

Հիմա Անգելինան կարոտն առնում է Եռաբլուրում, որտեղ և հուղարկավորված է իր սիրելին։ 
«Անդրեյի հետ սովորական ծանոթներ ենք եղել, բայց եկավ մի պահ, հասկացանք, որ սիրում ենք, և որ մի օր անգամ չենք կարող ապրել առանց միմյանց։ Մեր սերը ծնվեց 2020-ի պատերազմից մի քանի օր առաջ։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, Աստծուց միայն մի բան էի խնդրում, որ սիրելիս ողջ ու առողջ հասնի ինձ։ Ես երջանիկ էի, որ իմ կողքին հենց նրա պես մարդ էր»,- ասում է նա։ 

Անդրեյն առաջնագծում էր, երբ սկսվեց 2023 թվականի պատերազմը։ Նույն դիրքում իր հետ նաև նրա մորեղբայրն էր՝ Արցախ Պողոսյանը։ Իրար ընդունում էին որպես եղբայրներ։ «Պատերազմից կես ժամ առաջ, երբ հետն անհանգստացած խոսում էի, ինձ ուժ էր տալիս ու ասում՝ «ամեն ինչ լավ է, կարիք չկա անհանգստանալու»։ Հենց առաջին օրը, մինչև վերջին փամփուշտը կռվելով, միասին էլ անմահացան նույն դիրքում»,- Անգելինան հիշում է ամուսնու հետ ապրած կարճ, բայց երջանիկ ու անհոգ ժամանակները։

Հիմա կարոտից խեղդվում է։ «Չգիտեք` ինչ լավ մարդիկ ենք կորցրել։ Շատ դրական, բարի, խելացի, լավ ընկեր, հրաշալի ու հասկացող ամուսիններ էին և՛ Անդրեյը, և՛ Արցախը։ Միշտ լավատես ու չհանձնվող տեսակ»,- այսպես է բնութագրում Անգելինան իր հարազատներին։ 

Անդրեյը, որ կենսուրախ մարդ էր, երբեք չէր հուսահատվում: Կինն ասում է, որ հակառակը, միշտ բոլորին ինքն էր ուժ տալիս, հուսադրում։ Հիմա, երբ ամուսինը կողքին չէ, կյանքը դատարկ է թվում, ինքն անթև, անօգնական։ 

«Ինքն իմ ուժն էր, իմ ամեն ինչն էր, իմ թիկունքն էր ու թևերը: Երբ կողքիս էր, ոչնչից չէի վախենում: Երբ առաջնագծում էր, գրում էի, որ ես ինձ անպաշտպան եմ զգում, իսկ ինքը պատասխանում էր «բալա՛ս, պաշտպանությունը այստեղից է սկսում»»։ 

«Համատեղ շատ երազանքներ ունեինք, իսկ ամենաշատը՝ երեխաներ ունենալ, չհասցրեցինք։ Գոնե երազներում որ ինքն ու Արցախը հաճախ գային, էլի կփարատվենք»,- ասում է Անգելինան, ապա վշտացած հարցնում․ «Ո՞ւմ էի ինչ արել, որ 2020 թվականի  պատերազմը մեզ միացրեց, իսկ 2023-ը՝ բաժանեց։ Անդրեյս դարձավ հավերժ զինվոր, իսկ մենք՝ նրա ծնողները, քույրերն ու եղբայրը՝ մնացինք հավերժ կարոտով»։

Անդրեյն ու իր մորեղբայրը՝ Արցախը Եռաբլուրում են, իրար կողքի: Հանուն Արցախի փրկության գիտակցաբար զոհեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Անդրեյի ու Արցախի հարազատները հաստատվել են Հայաստանում և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ Եռաբլուրին մոտ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել