Hraparak.am-ը գրում է․

Վերջին տարիներին Հայաստանում փոխվել են ամանորյա ավանդույթները: Մարդիկ բացի ավանդական՝ միմյանց տուն հյուր գնալու սովորույթից, փորձում են Ամանորը նշել տնից դուրս` որևէ ռեստորանում, հանգստյան տանը և ազատվել եփել-թափելու ծանր հոգսերից: Հայերի մի մեծ հատված, որն ավելի ավանդապաշտ է, իհարկե, նախընտրում է Ամանորը դիմավորել տանը, իսկ ահա մյուսները` ռեստորանում կամ ժամանցի այլ վայրերում: Մարդիկ կամաց հրաժարվում են յոթ օր, յոթ գիշեր ուտելու և հյուրերի անվերջ քարավաններ ընդունելու սովորույթից: Իսկ այս տարի, կարծես, իրավիճակն էլ փոքր ինչ այլ է: Թեպետ 2020 թվականի պատերազմի պարտությունից ու հազարավոր զոհերից հետո տպավորություն էր, թե հայ ժողովրդի կյանքում էապես ոչինչ չի փոխվել, մարդիկ շարունակում էին ռեստորաններում ուրախանալ, զվարճանքի կենտրոններում տարատեսակ զվարճություններից օգտվել, սակայն, այնուամենայնիվ, Նոր տարվա տոնական տրամադրությունը ամենուրեք բացակայում է: Արցախը հանձնելու իրողությունը և մեր երկրի անորոշ ապագան անկեղծ ուրախանալու և Նոր տարի նշելու տրամադրություն չեն թողել: Մենք տեղեկացանք նաև, որ այս տարի երգիչ-երգչուհիներին էլ գրեթե չեն հրավիրել ամանորյա գիշերը երգելու: Եթե նախորդ տարիներին դեկտեմբերի 31-ին շատերն անգամ մի քանի տեղ էին երգում, ապա այս տարի նրանցից շատերը գեթ մեկ ռեստորանից առաջարկ չեն ստացել: Մենք նաև տուրիստական ընկերություններից տեղեկացանք, որ ամանորյա հանգստի մեկնողներն այս տարի բավականին պասիվ են եղել` երկրից դուրս մեկնողների քանակը շատ փոքր է:


«Հրապարակը» Երևանի մի քանի հեղինակավոր ռեստորանային համալիրների դիմեց` հասկանալու համար, թե դեկտեմբերի 31-ին ինչ են կազմակերպել իրենց մոտ, ինչ արժե մեկ անձի համար արժեքը, կա՞ն արդյոք ազատ տեղեր և վերջապես ո՞ր երգիչ-երգչուհիներն են այդ օրը երգելու:

«Բելաջիո» ռեստորանային համալիրից մեզ հետ զրույցում նշեցին, որ դեկտեմբերի 31-ին «Բելաջիոյում» մեկ անձի համար նախատեսված աթոռն արժե 60 հազար դրամ: Այդ օրը «Բելաջիոյում» երգելու են Արաբո Իսպիրյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռուզաննա Ավետիքյանն ու Մագան: «Ֆլորենս» ռեստորանից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ մեկ անձի համար նախատեսված աթոռի արժեքը դեկտեմբերի 31-ին արժե 50-ից 60 հազար դրամ: Ամանորի գիշերը «Ֆլորենսում» երգելու են Աննա Խաչատրյանը, Նարեկ Բավեյանը, Ալլա Լևոնյանը, Վարդան Բադալյանը և այլք:

«Փարվանա» ռեստորանային համալիրից էլ մեզ ասացին, որ դեկտեմբերի 31-ին մեկ անձի մուտքն արժե 10 հազար դրամ, սակայն դրա մեջ ներառված չէ սնունդ, այլ միայն շոու ծրագիր: «Փարվանայում» դեկտեմբերի 31-ին կերգեն Սպիտակցի Հայկոն, Ապարանցի Դավոն ու էլի մի քանի ոչ այնքան հայտնի երգիչներ:

Ի դեպ, այս երեք ռեստորաններում էլ դեկտեմբերի 31-ի համար կային բազմաթիվ ազատ տեղեր: Մինդեռ նախորդ տարիներին նոյեմբերից արդեն ամբողջն ամրագրված էր լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել