Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 30-ին:  «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ն արկածային կինոնկար է, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:
Այստեղ հետաքրքիր ու վառ կերպարներով կտեսնեք Ռաֆայել Երանոսյանին, Քեն Դավիդյանին, Լուիզա Ներսիսյանին, Սոս Ջանիբեկյանին, Վիկտորիա Սահակյանին, Լեւոն Հախվերդյանին, Սամվել Գրիգորյանին, Արսեն Սաղաթելյանին, Իշխան Ղարիբյանին ու Գրիշա Աղախանյանին։

Գլխավոր հերոսի դերում է դերասան Ռաֆայել Երանոսյանը, որը մարմնավորում է Մանուկ անունով չկայացած ռեժիսորի, որը ոչ մի թատրոն չընդունվելով, բեմադրում է իր ներկայացումը։ 

«Հերոսս իր շուրջը կարողանում է հավաքել արկածախնդիր մարդկանց, որոնց գումար է անհրաժեշտ և Մանուկի շուրջ հավաքվում է աճպարար, հակեր, նախկին ոստիկան և լրագրող աղջիկ, որն իր սիրելին է և հենց այս հերոսների ձեռամբ էլ իրականացվում է «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան։  Հետաքրքիր նախագիծ էր, քանի որ բազմաթիվ բարդ տեսարաններ եմ ունեցել, որոնք դրսում իրականացնում են դուբլյորները, բայց ես վստահում եմ Արշոյին, որի ամեն ասված առաջադրանք կատարում էի, իսկ՝ ինչ արկածների մասին է խոսքը շատ փակագծեր չեմ բացի, որ հանդիսատեսը գա, վայելի և գնահատի արված աշխատանքը»,– ասաց Ռաֆայել Երանոսյանը։ 

 Գլխավոր հերոսի սիրելիի դերում Վիկտորիա Սահակյանն է: «Երբ Արշալույս Հարությունյանը պատմում է որեւէ նախագծի մասին, դու էլ չես սպասում առաջարկի, դու արդեն ցանկանում ես այնտեղ լինել, վարակվում ես այդ մտքով: Ես միշտ ցանկանում եմ պարոն Հարությունյանի հետ աշխատել»,-ասում է դերասանուհին,-«Ինչ վերաբերում է ֆիլմին՝ բացարձակ պատկերացում չեմ ունեցել, թե ինչպիսին կլինի, որովհետեւ, ինչպես գիտեք, այն առաջնահերթ նկարահանվել է որպես սերիալ, բայց ֆիլմի դեպքում ոչ մի կադր չեմ նայել, իսկ արդյունքն անակնկալ էր, իմ սպասելիքներն ավելի, քան արդարացված են»:

 Պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ նախագիծը ստացված է, իսկ գլխավոր գործոնները ռեժիսորն ու դերասանական կազմն են. «Մեծ ու բազմաժանր դերասանների շնորհիվ հասկացանք, որ եթե այսպիսի մարդկանց ենք հավաքել մի տեղ, ուրեմն՝ կարելի է ստեղծել այսպիսի նախագիծ, որը, կարծում եմ՝ իր ժանրի մեջ նորություն է»:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը ֆիլմում կարևոր գործող անձ է, ներկայացրեց իր կերպարի առանձնահակությունները, ինչպես նաև խոսեց ռեժիսորի և դերասանների հետ հաջող աշխատանքի մասին. «Ֆիլմն այս դարի էլեգանտ խաբեբաների մասին է, որոնք չեն գործում օրենքի սահմաններից դուրս: Բայց իրականում յուրաքանչյուրն ունի իր ստի գիծը, որն ինչ որ մի կետում բախվում է միմյանց: Քանի որ հերոսներից յուրաքանչյուրն այս կյանքից ուզում է քաղել մաքսիմալը, դրա համար էլ տեղի է ունենաում շահերի բախում, այդտեղ էլ սկսվում է ամբողջ պատմությունը:  Շատ եմ սիրել այս դերը, քանի որ միշտ էլ հետաքրքիր է բնավորություն ունեցող կերպարի մարմնավորելը: Ես սիրում եմ լինել գործող անձ, այսինքն՝ ոչ թե զոհ, որին պետք է գան և փրկեն, այլ հենց ինքն է ինչ-որ բան թելադրողը: Այս դեպքում հենց այդպիսի դեր է»:

Ֆիլմի փակ դիտումն անցավ կարմիր գորգի արարողությամբ ու հայտնի հյուրերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել