168.am-ը գրում է․

ՀՀ Կառավարության կողմից հրատապ ռեժիմով նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթի ընդունվելու դեպքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ու բնակիչները, ովքեր ստանում էին կենսաթոշակ և նպաստ, հնարավորություն կունենան դիմել և առանց լրացուցիչ գործընթացների վերականգնել իրենց կենսաթոշակի իրավունքը։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա հիման վրա նրանք կկարողանան միանվագ կերպով ստանալ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կուտակված կենսաթոշակները։

«Նախատեսում ենք, որ օրենքի ընդունումից հետո, ամենայն հավանականությամբ, հաջորդ իսկ կառավարության նիստին՝ այսինքն հաջորդ շաբաթ կընդունվեն համապատասխան ընթացակարգերը։ Դրա հիման վրա մեր հայրենակիցները կկարողանան դիմումներ ներկայացնել, որպեսզի իրենց կենսաթոշակը հաստատվի և այն չափերը, ստաժերը՝ կենսաթոշակի համար նախատեսված, որոնք արդեն հաստատված են իրենց համար, ուղղակի կընդունվեն ՀՀ կենսաթոշակային համակարգում ու ՀՀ կենսաթոշակների, նպաստների չափերին համապատասխան կարգով կշարունակեն վճարվել»,-մանրամասնել է նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լինելու, որ շահառուները ներկայացնեն դիմումներ, որի համար առցանց հարթակ է մշակվում։ Բացի այդ, կպահանջվի նաև ՀՀ բնակության հասցեով հաշվառում, որի պարտադիր լինելը սահմանված է օրենքով և գործում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել