Վաղ առավոտից Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի բակը մարդաշատ էր։ Աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը հարգանքի տուրք էին մատուցում Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։ Այսօր հերոսի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան։
Ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին Ռոբերտը բացառիկ սխրանք գործեց ու իր անունը հավերժ թողեց հայոց պատմության հերոսական էջերում. նա մինչև վերջին շունչը պաշտպանեց Մարտակերտի իր 116 դիրքն ու վիրավոր վիճակում նռնակով պայթեցրեց իրեն՝ իր հետ տանելով թշնամու մի քանի զինվորի։
Բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականին Բակո Սահակյանի հրամանով 19-ամյա Աբաջյանին հետմահու շնորհվում է Արցախի հերոս բարձրագույն կոչում։
Հատկանշական է, որ այս դպրոցում են սովորում նաև արդեն 44-օրյա պատերազմում բացառիկ հերոսությամբ աչքի ընկած Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի զավակները։ Հերոս կերտած կրթօջախում լավ գիտեն, թե ինչպես պետք է կրթել ապագա սերնդին, ինչպես նրանց մեջ հայրենիքի հանդեպ սեր սերմանել և ինչպես սովորեցնել պահել ու փայփայել այն հողը, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհել։


 

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի որդին՝ Ալեքսը

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել