Գերմանիայի ամենազդեցիկ լրագրողներից համարվող Հյուբերտ Սայպելը, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի հարցով Գերմանիայի լավագույն անկախ փորձագետներից մեկը, առնվազն 600,000 եվրոյի վճարումներ է ստացել չբացահայտված օֆշորային ընկերություններից, որոնք կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխի հետ: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Նշվում է, որ Սայպելին գումարը վճարել են մաս-մաս. ըստ փաստաթղթերի՝ գումարը նախատեսված էր երկու գրքի համար, որոնք նա գրել է և որոնք ներկայացնում են Պուտինի իշխանության գալը, և Ռուսաստանի նախագահին ընդհանուր առմամբ ներկայացնում են որպես համակրելի կերպար:
Սայպելն այն սակավաթիվ լրագրողներից մեկն է, որն ուղիղ և կանոնավոր կապ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որին, իր իսկ խոստովանությամբ, հանդիպել է «մոտ 100 անգամ»: Պարբերականը գրում է, որ լրագրողը խոստովանել է, որ փող է ստացել Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի հետ կապված հաշիվներից: Նա չի հաստատել ստացած գումարի չափը, թեև փաստաթղթերը պարունակում են 600,000 եվրո ընդհանուր գումարի վճարումների մանրամասներ:
Սայպելը հաստատել է, որ աջակցություն է ստացել Մորդաշովից՝ ասելով, որ վերջինիս «աջակցությունը վերաբերում է բացառապես գրքի նախագծերին»: Նա ընդգծել է, որ անկողմնակալ է մնացել՝ հավելելով. «Ես միշտ գծում եմ հստակ իրավական սահմաններ , որոնք երաշխավորում են իմ անկախությունը»:
Այս տեղեկությունը ստացվել է Cyprus Confidential նախագծից. 3,6 միլիոն օֆշորային գրառումների պահոցը հասանելի է դարձել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ) և գերմանական Paper Trail Media-ին, որոնք հասանելիություն են տրամադրել նաև Guardian-ին: