Armenpress.am-ը գրում է.

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ուղղված են եղել երկրում բարեփոխումները, մարդու իրավունքներն ու տրանսֆորմացիան ապահովելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով  Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ  Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

« Գիտեք, Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները, մարդու իրավունքները և տրանսֆորմացիան։ Դրան էր ուղղված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն իրականում ԵՄ ասոցացման պայմանագրի ավելի թեթևացված տարբերակն էր։ Եվրամիությունը մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերը։

Այդ ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել և ընդլայնել հարաբերությունները Եվրամիության և դրա անդամ երկրների հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել