«Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և դրան հաջորդած մեկնաբանությունը:

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը ամփոփելով մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարել էին՝ Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով՝ մնացել է 50-ից 1 հազար հայ։

«Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարում է ՄԱԿ-ի առաքելությունը։

Պաշտոնական Երևանը այցից հետո տարածված հաղորդագրությունը «խիստ կողմնակալ է» որակում՝ ընդգծելով, որ չի արտացոլում իրավիճակը գետնի վրա:

«Դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին», – նշում է ԱԳՆ-ը:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը», – ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում, ասված է հաղորդագրությունում:

«Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից», – ընդգծել է ՀՀ ԱԳՆ-ը:

Ըստ արտգործնախարարության, ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն «Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով»:

Պաշտոնական Երևանն ընդգծում է՝ Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել