Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Արցախում մի քանի հայի բերման ենթարկելու մասին:

Ադրբեջանը նրանց որակել է իբրև «ահաբեկիչ»՝ մեղադրելով 2023-ի սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի նորակառույց թունելում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին «ականներ տեղադրելու» և «ահաբեկչական գործողություններ կատարելու» համար:

Ադրբեջանի պնդմամբ՝ այդ գործողությունների հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ, 4 ոստիկան:

Նշվում է, որ կասկածվող հայերը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» զինաթափվել են և բերման ենթարկվել:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել