Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի փաստով, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը:

Տեղում ահազանգող 29-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ,  սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տղամարդը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:

Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել