News.am-ը գրում է.

Մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, գրում է News.am–ը։

Նա այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով սենատոր Փեթ Ռիքեթսի հետեւյալ հարցին։

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ՌԴ-ի համար կարեւոր անվտանգային գործընկեր է եղել, այստեղ է գտնվում ՌԴ սակավաթիվ ռազմակայաններից մեկը: Հայաստանը նաեւ ՀԱՊԿ-ի անդամ է եւ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարեւորում է հիմնականում ԼՂ-ի անվտանգային հարցում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով: Սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանի չցանկացավ ներգրավվել 2020-ի հակամարտությունում, Հայաստանը կարծես թե սկսել է կասկածներ ունենալ Ռուսաստանի հետ երկարամյա գործընկերության առնչությամբ եւ թեքվում է դեպի Արեւմուտք: Այս ամսվա սկզբին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի վրա հույս դնելն այնքան էլ չի արդարացնում իրեն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն իր սեփական բանակը զինելու խնդիր ունի։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ անվտանգային հարցերում մեկ գործընկերոջ վրա հույս դնելը ռազմավարական սխալ է:

Դրանից հետո Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային: Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները: Սա հստակ անհանգստացնող նահանջ է Կրեմլի համար։ Արդյոք Հայաստանի վերջին գործողությունները պերմանենտ շրջադարձ են Ռուսաստանից, թե՞ դրանով փորձում են դրդել Մոսկվային ավելի շատ ներգրավվել Լեռնային Ղարաբաղում»,-հարցրեց սենատորը:

Սրան արձագանքելով՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը նշեց, որ 2022-ի փետրվարից հետո Ռուսաստանի բոլոր հարեւան երկրները «մի աչքը բաց են քնում», ինչը տրամաբանական է, կարծում եմ, բոլորը հասկանում են, տեսնելով Ռուսաստանի կողմից՝ իր հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի բացակայության այս շատ վառ դրսևորումը, նրանք բոլորը սկսում են կասկածներ ունենալ` ռուսական զորքերը իրենց երկրների տարածքներ հրավիրելու, Ռուսաստանի, որպես էներգիայի միակ մատակարարի վրա հույս դնելու, իրենց հողերում ռուսական ռազմական միավորների ներկայությունը թույլ տալու հարցում։  «Սա մեզ հնարավորություն է տալիս այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նշեցիք, մեր զորքերը Հայաստանում են՝ առաջին անգամ իրականացնելու երկկողմ զորավարժություններ եւ մենք շարունակելու ենք օգտվել այս իրավիճակից»:

Սենատոր Ռիքեթսը հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանն ուզում է իր այդ քայլերով Ռուսաստանին դրդել ակտիվության ԼՂ–ում, թե՞ իսկապես ցանկանում է պոկվել Ռուսաստանից, ինչին Կիմը պատասխանեց. «Շատ շուտ է այդ մասին խոսելը: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մտնենք այնտեղ՝ փորձելով իրավիճակը հասցնել այն կետին, որին ձգտում ենք։ Իսկ այդ կետը իրական որոշումն է՝ դառնալ մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Բայց դրան հասնելու համար, մենք պետք է այնտեղ ներկա լինենք, ահա թե ինչու է Հայաստանին մեր աջակցությունը եւ Հայաստանի հետ մեր գործընկերությունը կարեւոր։

Սենատորը դրանից հետո հարց ուղղեց՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ՌԴ–ից տնտեսական, ռազմական եւ այլ առումներով, կա՞ն մտավախություններ, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Արեւմուտք, Ռուսաստանը հարկադրանքի միջոցների կդիմի։

«Պուտինն ու ՌԴ-ն ապացուցել են, որ շատ վրեժխնդիր են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում իրենց կամքին։ Այո, այդ առումով շատ զգոն ենք։ Պետք է ուշադիր հետեւենք իրադարձություններին, մեծացնենք Հայաստանին տրվող աջակցությունը թե Հայաստանի զարգացման նպատակով, թե պաշտպանական եւ անվտանգային գործընկերության ուղղությամբ, այն եղանակով, որը Հայաստանի համար ընդունելի կլինի, որպեսզի Հայաստանը կատարի այն շրջադարձը, որն ինքը կցանկանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել