Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան եւս տասը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկացնելով, որ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված շարասյունը ուղեկցել է մինչև Կոռնիձոր՝ Փաշինյանը հայտնեց, որ ոչ այդ, ոչ էլ հուլիսի 26-ից այնտեղ կանգնած շարասյանը հնարավորություն չի տրվել անցնել միջանցով:

«Սա նշանակում է որ Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն հայերից ազատելն է:

Նա հիշեցրեց նախկինում իր ներկայացրած՝ Ադրբեջանի հրեշավոր ծրագրի սցենարներից մեկը. «Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքը ԼՂ-ից թուլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»:

Նա նշեց, որ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ:

«Ինչպես նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակից ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջոցով: Միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է: Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել. «Այդ  ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ  երկրի հայրենազրկամ քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը: Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա  բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռները հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»,-ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել