Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների և հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները:
Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը ևս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաև իրավիճակի հնարավոր զարգացումներին:
Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:
Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը և ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել