Armenpress.am-ը գրում է.

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրում ավարտվել են փլատակների հեռացման հիմնական աշխատանքները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

Պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի հարևանությամբ գտնվող հրատեխնիկական արտադրանքի պահեստում:

«Փլատակների հեռացումն ավարտվել է, տեղում աշխատանքները շարունակվում են», - գործակալությանը հայտնել են արտակարգ ծառայություններից։

Արտակարգ դեպքից հետո առաջին ժամերին հարազատներից 12 դիմում է եղել անհետ կորածների մասին: 4 մարդ, որոնք անհետ կորած էին համարվում, գտնվել են: Այսպիսով, ներկայում անհետ կորած է 8 մարդ:

Պայթյունից հետո բժշկի է դիմել, ընդհանուր առմամբ, 84 մարդ։ Մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ վտանգավոր արտադրական օբյեկտների արտադրական անվտանգության պահանջները խախտելու դեպքի առթիվ։ Պահեստի սեփականատեր հանդիսացող «Պիրո Ռոս» ընկերության տեխնիկական տնօրենը բերման է ենթարկվել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել