ArmLur.am-ը գրում է.

«Հայաստանում չկա ոչ օլիգարխիա, ոչ էլ օլիգարխներ»։ Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք նա ասել է 2018թ-ի՝ իշխանության գալուց հետո:

Ըստ ամերիկացի քաղաքագետ՝ Ջեֆրի Ա․ Ուինթերսի, օլիգարխներ են այն անձինք, ում վերահսկողության տակ են կենտրոնացած խոշոր նյութական ռեսուրսներ, որոնք նրանք կարող են օգտագործել իրենց անձնական հարստությունը և բացառիկ սոցիալական դիրքը պաշտպանելու կամ բարձրացնելու նպատակով։

Իսկ հիմա տեսնենք՝ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բացատրում «օլիգարխ» բառի նշանակությունը։ «Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն։ Օլիգարխ նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ։ Եվ ասելով, որ Հայաստանում չկա օլիգարխիա և չկան օլիգարխներ, ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունը այլևս տապալված է»։

Բայց արի ու տես, որ, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս թավշյա հեղափոխականների հավաստիացումները հեռու են իրականությունից․ օլիգարխան Հայաստանում ոչ թե վերացել է, այլ պարզապես հին օլիգարխները փոխարինվել են նորերով:

Այպիսով՝ ArmLur.am-ը կներկայացնի մերօրյա օլիգարխներին, որոնք իրենց ունեցվածքը կուտակել ու օլիգարխ են դարձել հենց այս իշխանությունների օրոք:  Եվ այսպես, մերօրյա օլիգարխներից է «Արտլանչ» ցանցի սեփականատեր Բակուր Մելքոնյանը։  Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր փորձնական ծրագիր սկսելու մասին, որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ։ Այս մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից մեկն էլ «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է. այժմ «Արտ Լանչ»-ը սպասարկում է ՊՆ զորամասերը: «Արտ Լանչ»-ն այսօր կաֆետերիաների ամենամեծ ցանցն է Հայաստանում, որն ունի մասնաճյուղեր նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում: Զարգացումը էականորեն ունեցել է 2018-ից հետո:

Հաջորդը՝ «Երեմյան Փրսջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն է: «Երեմյան Փրոջեքթս»-ն այժմ ունի 16 ռեստորաններ՝ «Պանդոկ» ռեստորանների ցանց, «Երևանի շաուրմա», «Պանդոկ Երևան Գետափին», «Լավաշ», «Շերեփ», «Լիվինգսթոն», «Սմոքինգ Շեֆ», «Կազա Նոստրա», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Սիզընս» ռեստորան, «Սիզընս Սվիթլենդ», «Սիզընս Կաֆե», «Սիզընս Պարկ», «Ռենոմե» ինչպես նաև կաթնամթերքի և այլ արտադրություններ: Երեմյանների գործերը սկսեցին լավանալ 2018 թվականից, իշխանությունները նրանց աջակցում են բոլոր հարցերում: Դեռեւս 2020թ-ի դեկտեմբերին, հայրենի կառավարությունը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին 10 տարով տրամադրված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին ազատել էր 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։ Դավիթ Երեմյանն էլ, որպեսզի շնորհակալ լինի իշխանություններին, խոշոր գումար էր փոխանցել «Իմ քայլ»-ի՝ դեռ ոչ պաշտոնապես գործող շտաբին, որպեսզի ընտրությունների ժամանակ ծախսեն: Դավիթ Երեմյանն այսօր էլ իշխանության ներսում մտերիմներ ունի, ովքեր տարբեր հարցերում աջակցում են իրեն:

Մերօրյա օլիգարխներից է նաեւ Արման Հակոբջանյանը, որը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս այս օրերին փախել է շրջափակված Արցախից: Նա Երևանում իր բիզնեսն ընդլայնելով է զբաղված, գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը: Նրան պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ն Արցախում ու Հայաստանում ճանապարհների շինարարությունն ու բազմաթիվ այլ աշխատանքների իրականացնողն է. հենց «Կապավոր» ՍՊԸ-ն է շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում հաղթողը: Նա այն արտոնյալն է, որ հեղափոխությունից հետո Սևանի ափին ամառանոց կառուցեց։

Եւ ահա, հեղափոխականնեի սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանն է, ով իր ունեցվածքը դիզել ու օլիգարխ է դարձել հենց ՔՊ-ի հովանու ներքո Հասարակությանը ոչ այնքան հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանին հաջողվել էր 5 միլիարդ դրամով ձեռք էր բերել մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը: Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, Նարեկ Նալբանդյանը նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիէ կալանքի տակ գտնվող առանձնատան գնորդն էր: Թե ինչպես էր Նալբանդյանին հաջողվել նման գործարք իրականացնել, այդպես էլ հայտնի չդարձավ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական Հայաստանում հին արատավոր բարքերն ամենևին էլ չեն փոխվել, պարզապես մարդիկ ու դեմքերն են փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել