«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը:

ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի արդյունքները՝ չմոռանալով քննադատել նաեւ ընդդիմությանը՝ հին ու նորի համեմատություն անելով:

Երեկ ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, օրվա վերջում արդեն քննադատում էր մեր գերբը եւ պետական խորհրդանիշները. առաջարկում է այլ կերպ ավարտել ՀՀ օրհներգը։

«Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով: Առաջարկում եմ փոփոխություն կատարել: Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնը ավարտվի հետեւյալ տողերով՝

«Նայի՛ր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»,- ասաց ՀՀ վարչապետը։

Երեկ ԱԺ նիստը ձգվեց մինչեւ 20:00-ն. ՔՊ-ականներն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան:

Այնտեղ մեկնարկում է ՔՊ քաղաքական ժողովը, եւ նիստը կխանգարեր նրանց: Այսօր, սակայն, կառավարության նիստ է լինելու, եւ օրակարգն արագ սպառելուց հետո գործադիրն էլ կշտապի Դիլիջան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել