Այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է օրեր առաջ ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից մեկը՝ 7-ամյա Սարգիս Օրդոյանը։ Հայտնել էինք նաև, որ վթարի հետևանքով մահացել էր մեքենայի վարորդը՝ Արտյոմ Օրդոյանը, ով, Oragir.News-ի տեղեկություններով, այսօր մահացած երեխայի հայրն է։
Նշենք, որ հունիսի 2-ին մահացել էր հիվանդանոց տեղափոխված երեխաներից 12-ամյա Ռոբերտը։ «Սուրբ Աստվածամայր»-ից հայտնել էին, որ երեխան անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ: Ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի՝ մյուս վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք՝ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։ Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։