Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում երեկ մեկնարկեցին 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները։ Ինչպես բոլոր կառավարության ղեկավարները, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով արած-չարածը, պարծեցավ «դրական» ցուցանիշներով, հպարտությամբ արձանագրեց, որ գործազրկության ցուցանիշն է մոտ 2 տոկոսով նվազել՝ 13 տոկոս է, որ հանրապետությունում 30 ուսուցիչ 4 հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում, որ բնակարաններ են կառուցվում, արտաքին պարտքն էլ չեն ավելացնում թոշակ ու աշխատավարձ տալու համար, այլ կապիտալ ներդրումներ են անում։ Նաեւ առիթը բաց չթողեց՝ մուննաթ գալ քաղաքացիների վրա, թե Հայաստանում կան աշխատատեղեր, եթե ուզեք` կաշխատեք ու չեք մնա նպաստի հույսին: Բնականաբար, իր սիրած ոճի մեջ էր հանդես գալիս․ առանց անուններ տալու հայտարարեց, թե մարդ կա՝ Մաշտոցի պողոտայում 500 հազար դոլարանոց տուն ունի, բայց նպաստ է ստանում՝ մոռանալով, որ ինքն այլեւս սենսացիաների սիրահար լրագրող չէ, այլ պետության ղեկավար, եւ նախ պետք է վերահսկի, որ նման մարդը նպաստ չստանա եւ երկրորդն էլ` առանց անուններ տալու նման հայտարարություն անելը պետական պաշտոնյային հարիր չէ։ Կարճ ասած՝ Հայաստանը Նիկոլի օրոք շարունակում է բարգավաճել, զարգանալ, ուղղակի հասարակությունը «չար է ու նախանձ» եւ այդ ամենը չի տեսնում։

Սակայն ավելի ուշագրավ էր Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին անդրադարձը։ Նրա հպանցիկ ելույթից տպավորություն ստեղծվեց, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր՝ կա՛մ չի հասկանում, թե ինչ է բանակցում՝ Ալիեւի երեկվա հայտարարություններից հետո անակնկալի է եկել, կա՛մ էլ այսքան ժամանակ խաբել է ՀՀ եւ Արցախի ժողովրդին՝ ասելով, որ խաղաղության պայմանագիր կնքելուց եւ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀՀ-ն հետամուտ է լինելու արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում։ Նախօրեին, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահը Շուշիում հերթական սպառնալից հայտարարություններն արեց՝ պահանջելով լուծարել Արցախի խորհրդարանը եւ մյուս պետական ինստիտուտները։ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ այդ տարածաշրջանում (Արցախում) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի: Տարրը, որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները եւ այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նա, միաժամանակ հավելել. «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջեւան տանող ճանապարհը, եւ այնտեղից դուրս բերվեն հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք ներկա են Ղարաբաղում։ Սրանք են մեր պայմանները»։ 

«Անկեղծ ասած՝ հասկանալի չեն Ալիեւի երեկվա հայտարարությունները. նա հրաժարվո՞ւմ է բրյուսելյան պայմանավորվածությունից»,- երեկ բյուջեի կատարողականը ներկայացնելիս Ալիեւին կեսբերան եւ վախվորած հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: «Տեղյակ եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվել են ճանաչել 29․800 ք/կմ եւ 86․600 ք/կմ տարածքներով տարածքային ամբողջականությունները։ Այս առումով, անկեղծ ասած, առնվազն հասկանալի չեն Իլհամ Ալիեւի՝ երեկ արված մի շարք հայտարարությունները։ Այս հարցով Ադրբեջանն ու միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյոք այդ հայտարարությունները նշանակո՞ւմ են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, ում կարծիքով՝ Ալիեւի երեկվա հնչեցրած տեքստը շատ մոտ է ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարմանը։

Ի դեպ, ինչի մասին զգուշացնում էին շատերը: Եվ Փաշինյանը, կոչ անելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, շեշտեց՝ կարիք կա այս մասով պարզաբանումներ եւ լրացուցիչ ճշգրտումներ ստանալ միջազգային գործընկերներից: Փաշինյանն ասաց նաեւ, որ հունիսի 1-ին Քիշնեւում սպասվող հնգակողմ հայտարարությանը փաստաթուղթ չի ստորագրվի։ «Մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռեւս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետեւաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»,- նշեց նա։

Նկատենք, որ Փաշինյանը ոչ միայն Ալիեւի նկատմամբ է վախվորած դարձել, ու  անցյալի դուխով վարչապետից մնացել է խաղաղություն մուրացող կապիտուլյանտը, այլեւ այն տպավորությունն է, որ նա սեփական շողքից էլ է սկսել վախենալ։ Երեկ նա խորհրդարան էր ժամանել անվտանգության աննախադեպ թվով աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք Փաշինյանի ելույթ ունենալու պահին թե՛ դահլիճում էին ներկա, թե՛ դահլիճի դռների մոտ, թե՛ դրսում: Մեր հաշվարկով` մոտ երկու տասնյակ անվտանգության աշխատակից էր նրան հսկում: Նա նիստերի դահլիճ մտավ ու հեռացավ գաղտնի մուտքից, թերեւս որպեսզի չառերեսվի լրագրողներին, չպատասխանի անցանկալի հարցերին։  
Սուպերլիդերությունը մերժող Փաշինյանը երեկ խորհրդարանում, իր ՔՊ-ական մեծամասնության հետ ցույց տվեց նաեւ, որ իշխող թիմում կա՛մ անձի պաշտամունք է, կա՛մ էլ բռնապետական բարքեր, Փաշինյանի ելույթի պահին դահլիճում ասեղ գցելու տեղ չկար` ուսապարկերի մեծամասնությունը հավսար-զգաստ ներկա էր ու «ուշադիր» հայացքով լսում էր շեֆի ելույթը։ Երբ նա հեռացավ, ՔՊ-ականներն ու կառավարության անդամները մեկ մարդու պես հետեւեցին նրան, իսկ դահլիճում մնացին հատուկենտ պատգամավորներ, ու բյուջեի կատարողականը քննարկվեց գրեթե դատարկ դահլիճում։

Միայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին չհաջողվեց մերժել լրագրողներին, եւ նա ճեպազրույցում ուշագրավ խոստովանությամբ հանդես եկավ։ Նախ ասաց, որ բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ եւ սցենարներ կան։ Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհները հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ, եւ, ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն: Նախարարը, ըստ էության, գաղտնազերծեց իրենց մտադրությունները` ցույց տալով, որ ոչ թե փորձելու են պայքարել ու պահել հողը, այլ զիջել` շրջանցող ու անհամարժեք ճանապարհներ կառուցելով բարդացնելով ՀՀ քաղաքացիների կյանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել