Չինաստանի իշխանությունները դեմ են Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը դեպի արեւելք եւ Ճապոնիային խորհուրդ են տալիս կողմնակցել զարգացման խաղաղ ճանապարհին եւ ոչ թե հետեւել «ռազմական միավորումներին, որոնք խափանում են խաղաղությունն ու կայունությունը»։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել այն տեղեկություններին, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստվում է մասնակցել ՆԱՏՕ գագաթաժողովին։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՕՏ) աշխարհագրականորեն Ատլանտիկային չի պատկանում։ Դաշինքի տեղաշարժը դեպի արեւելք, դեպի ԱԽՕՏ-ի կողմը կխափանի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե ինչպես են Չինաստանի իշխանություններն ընկալում Ճապոնիայի կառավարության ղեկավարի այդ մտադրությունները։- ԱԽՕՏ-ի երկրներն ու ժողովուրդները շատ զգոն են այս հարցում եւ վճռականորեն դեմ են, որպեսզի որեւէ ռազմական միավորում հայտարարություններ անի եւ պառակտում ու հակադրություն հրահրող գործողություններ ձեռնարկի»։

Ինչպես ընդգծել է պաշտոնական ներկայացուցիչը, միջազգային հարաբերությունների զարգացումը նախատեսում է միջոցներ, որոնք «նպաստում են խաղաղության եւ կայունության պահպանմանը եւ չեն ոտնահարում որեւէ երրորդ կողմի շահերը»։ Մաո Նինն ավելացրել է, որ Ճապոնիան «պետք է հիշի պատմության դասերը» եւ հետեւի զարգացման խաղաղ ճանապարհին։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել էր Kyodo գործակալությունը, Ճապոնիայի կառավարությունն աշխատում է ՆԱՏՕ գագաթաժողովին վարչապետ Ֆումիո Կիսիդայի մասնակցության ուղղությամբ, գագաթաժողովը տեղի է ունենալու հուլիսին Լիտվայում։ Միեւնույն ժամանակ, Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Տոկիոն չի ծրագրում մտնել Հյուսիսատլանտյան դաշինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել