Աշոտ Փաշինյանը քաղաքացի է, որը 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որպես կամավոր զինվորագրվել է բանակում, սակայն ըստ ՀՀ օրենսդրության զորակոչի ենթակա չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մի դրվագ է ուզում պատմել Աշոտ Փաշինյանի մասին պատերազմական օրերից։

«Հանձնարարություն կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկատի հետ։ Այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ իրենք, ըստ էության, պատսպարված են եղել, մարմնով իրար կիպ կպած, զոհվել է։ Կարծում եմ պարզ է, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք չէր կարող որոշել և կանխորոշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն։ Ուզում եմ մի հարց տալ․ եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բելորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, երբ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր չէ՞։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս այն պայմաններում, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին։ Այսինքն, մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն, ինչը ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ ուզում է արձանագրել՝ արդյոք ադրբեջանական բեկորն է որոշել, որ Աշոտ Փաշինյանը հերոս չէ և մարդ է, որի նկատմամբ կարելի է այդպես վարվել, և արդյոք ադրբեջանական բեկորն է որոշել, որ Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել