Բըրբանկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ (Մարտ 20, 2023թ.) - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանկ քաղաքում «Հայկական բիզնես անկյուն» նախագծի մեկնարկից առաջ տեղի ունեցավ նախագծի տաղավարի 12 սյուների տեղադրման հանդիսավոր արարողությունը: Հայ համայնքի զարգացման գործում ներդրում ունեցող մարդիկ իրենց ձեռքով տեղադրեցին սյուները՝ ի նշան միասնականության, ներուժի միավորման, նախագծի հաջողությանը նպաստելու պատրաստակամության:

Միջոցառմանը մասնակցում էին Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քացախյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրթյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Նազելի Համբարձումյանը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը, դերասան Լևոն Շարաֆյանը և այլք:

Լինելով հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի ներկայացուցիչը՝ հյուրերն ուրախ էին նախաձեռնության մեջ իրենց խորհրդանշական ներդրման համար։ Շատերը նշեցին, որ նման նախագիծն իսկապես տարբերվում է իր կոնցեպտով, մասշտաբներով և տևողությամբ, և հայտնեցին իրենց վստահությունը թիմի և գաղափարի նկատմամբ։ Ներկաների համար առավել կարևոր էր տեղեկանալ, որ «Հայկական բիզնես անկյուն»-ում կայանալիք միջոցառումները միտված են լինելու մասնակից ընկերությունների միջոցով դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու գործին։

Նախագծի մասին

20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ մարտի 25-ին Բըրբանկ քաղաքում հնարավորություն կունենան ներկայանալու ամերիկյան շուկայում։ Այս եզակի հնարավորությունը նրանց ընձեռում է «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը։ Սնունդ, խմիչքներ, հարդարանքի և պերճանքի պարագաներ, չրեր և այլ արտադրատեսակներ, ամենատարբեր ծառայություներ՝ մարկետինգային, ճարտարապետական և այլն ներկայացված կլինեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի տաղավարներում։ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիրը Միքայել Հայրապետյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել