Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և տնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Դևալը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ջերմ զգացմունքներ:

Հնդկաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր գնահատականի համար և շեշտել, որ իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում ևս քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման հարցին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել