Զիմբաբվեում մի նախագահ կար Ռոբերտ Մուգաբե անունով, ով 30 տարի երկրի նախագահ էր ու իշխանության էր եկել հեղափոխական ճանապարհով:
Նա շատ հաջողակ նախագահ էր, օրինակ, երկրի կենտրոնական բանկի կազմակերպած վիճակախաղում էր հաղթող ճանաչվում, իսկ երբեմն էլ իր ու իր ենթակաների աշխատավարձն էր 200 տոկոսով բարձրացնում ու էլի լիքը նման հարցերում բախտը ժպտում էր նրան: Կոռուպցիա չկար, ամեն ինչ ճշտի մեջ էր, ինքն էլ հեղափոխական էր: Կոռուպցիան հեղափոխականներին չի սպառնում:
Նոր բարձրաստիճան պաշտոնյաները նախորդներից տարբերվում են մի հարցում, որ նրանց բախտը բերում է, շատ էժան տներն են ճարում, շատ էժան վարկեր են ստանում, մեծ պարգևավճարներ են իրենք իրենց նշանակում «ժրաջան» աշխատելու դիմաց (ըստ իրենց արդար է): Կոռուպցիա չկա, իրենք հեղափոխական են:
Կոռուպցիան նախորդներինն էր, որ պարգևավճար ու էժան տներ չէին ստանում, էշ-էշ մի քանի տանյակ միլիոնի գույք էին ձեռք գցում: Թե ասա էդքան խելք չունեի՞ք, գոնե Մուգաբեի պես վիճակախաղում կրեիք այդ միլիոնները, որ այսօր ձեզ չսպառնային այդ գույքը պետականացնելով:
Ամեն ինչ ճշտի մեջ է, նաև նրանց մոտ, որ իբր կոռուպցիայի դեմ են պայքարում ու միլոններով գրանտներ են ստանում, բայց մինչ օրս իրենց համար չեն էլ սահմանել, թե կոռուպցիան ինչ է:
Եվ դրա համար էլ պաշտոնյայի կողմից ինքն իրեն պարգևավճար գրելը կոռուպցիա չէ, թանկարժեք նոր մեքենա գնելը պետության փողով կոռուպցիա չէ, գործընկերոջ բանկից էժան վարկ ստանալը կոռուպցիա չէ, կամ էժան տուն հայթայթելը կոռուպցիա չէ կամ գործընկերոջը պատկանող ընկերությանը տենդեր տալը կոռուպցիա չէ...շարունակեք ինքներդ:
Կոռուպցիան միայն կաշառք ստանալն է: Իսկ ներկա հեղափոխականները շատ պուպուշ են, նրանք կաշառք չեն վերցնում:
Դուք հասկանում եք չէ, որ մի օր այս ամենի վերջը գալու է, ու սրա համար բոլորը պատասխան են տալու (խոստանեւմ եմ), այդ թվում նրաք, որ պարտավորվել են հանրության առաջ վերահսկող լինել իշխանության կամայականությունները բացահայտելու գործում, սակայն լուռ են, «վայ հանկարծ նախկինները չառիթավորվեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել