Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը;Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency – SIDA) փորձառությունը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ հայ-շվեդական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացը կատարելագործելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է ընդլայնել «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «ArtNexus» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի, Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում դեսպանին առաջարկել է շվեդական համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ մատնանշելով, որ նախարարությունը հետևողական գործունեություն է ծավալում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ.

«Այսօր արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստանում են ֆինանսավորում»:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհավորելով Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական զրույցի համար: Դեսպանը բարձր է գնահատել նախարարի նախանշած ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ շվեդական կողմը միշտ պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա՝ նշելով, որ խախտվել է ավելի քան 30.000 երեխաների կրթության իրավունքը:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ընդգծված բացասական հետևանք է բոլոր ոլորտների վրա: Այս համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական քայլեր կձեռնարկեն՝ խնդիրն օր առաջ կարգավորելու համար:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել