Armenpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների հարավում առնվազն տասը մարդ է զոհվել հզոր սառցափոթորկի հետևանքով, չորս նահանգներում ավելի քան կես միլիոն տնային տնտեսություններ հոսանքազրկվել են:

Այս մասին հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Weather.com կայքում հրապարակված տեղեկությունը: Սառույցն ու թաց ձյունը չորսօրյա ցուրտ ճակատ են բերել ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Դալլասում և Ֆորտ Ուորթում դպրոցները փակվել են: Մի քանի շրջաններում մարդկանց հորդորել են չերթևեկել վտանգավոր ճանապարհներով: Ավելի վաղ սառցփոթորկի պատճառով Դալլասում հարյուրավոր թռիչքներ էին չեղարկվել:

Ազգային օդերևութաբանական ծառայությունը  նախազգուշացրել է, որ չնայած սառցանձրևն այժմ դադարել է, բայց վտանգը պահպանվում է, քանի որ սառույցի հալվելուն զուգահեռ կարող են ծառեր և ճյուղեր կոտրվել: Բացի այդ, սպասվում է, որ երկրի հյուսիսային նահանգներում օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի՝ հասնելով զրոյից ցածր ջերմաստիճանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել