Հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը եւս մեկ դատավորի լիազորությունները դադարեցրեց։ Թիրախում այս անգամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն էր։ Նրա դեմ վարույթը հարուցվել էր արդարադատության նախարար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ընկեր Գրիգոր Մինասյանի կողմից։ Մենք կապվեցինք Ալեքսեյ Սուքոյանի հետ՝ հարցնելով, թե իր համար պա՞րզ են իր լիազորությունները դադարեցնելու պատճառները։ Նա պատասխանեց․ «Պատճառն ինձ պարզ չի դարձել մի պարզ պատճառով, որ ես դեռ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չեմ ստացել, իրենք 5 օրվա ընթացքում պետք է ինձ ուղարկեին։ Երբ ընթերցենք որոշումը, պարզ կդառնա, թե ինչն է պատճառը»։

Թեեւ Սուքոյանը դեռեւս ԲԴԽ որոշումը չի ստացել, սակայն ԲԴԽ-ն դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, թե Սուքոյանի գործողությունները կասկածի տակ են դրել վերջինիս համապատասխանությունը դատավորի կարգավիճակին․ «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում` այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված եւ չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի եւ պայմանների բացակայությամբ, ինչպես նաեւ վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ: Խորհուրդն արձանագրում է, որ դատավորն իր գործողություններով կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ հեղինակազրկել է դատական իշխանությունը»։

Սուքոյանն ասաց, որ այդ հայտարարությանը ծանոթ է, սակայն այն բավարար չէ ԲԴԽ որոշումը մեկնաբանելու համար․ «Ես իրավաբան եմ, դատավոր եմ եւ երբ ես նրանց վերջնական դատական ակտը՝ որոշումը, կստանամ, կընթերցեմ, կհասկանամ, նոր այդ ժամանակ գուցե ես ինչ-որ մի բան մեկնաբանեմ։ Դա ընդամենը մի մեջբերում էր, որն ինձ համար հասկանալի չէ։ Ես չեմ կարող այդ փոքր մեջբերումից ամբողջական տպավորություն ստանալ, թե ինչի համար են իմ լիազորությունները դադարեցրել։ Որոշման մեջ պատճառաբանություններ պետք է լինեն, երբ դրանք ստանամ, այդ ժամանակ գուցե ինքս հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել․ առայժմ ինձ համար իրականում անհասկանալի է»։

Նախքան Սուքոյանի լիազորությունները դադարեցնելը ԲԴԽ-ն դադարեցրել էր նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ դրանից առաջ էլ առաջին ատյանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Ալեքսեյ Սուքոյանին հարցրինք՝ ինչո՞ւ են փորձառու դատավորները հեռանում, իսկ նրանց փոխարեն դատական համակարգ մտնում 25-30 տարեկան երիտասարդներ, ովքեր երբեք դատավոր չեն աշխատել, իր կարծիքով՝ ի՞նչ գործընթաց է սկսվել։

«Փորձառու դատավորները չեն լքում համակարգը, իրենց, այսպես ասած, հեռացնում են, դրանք տարբեր բաներ են։ Ձեր խոսքից տպավորություն ստեղծվեց, որ մենք դա կամավոր ենք անում։ Որեւէ հետեւություն չեմ կարող անել, թե ինչու են այդպես անում, ուրիշների մասով էլ չեմ կարող ասել։ Գիտեմ, որ ես մոտ քառորդ դար աշխատել եմ համակարգում, մինչ օրս երբեւիցե նկատողություն չեմ ստացել, բացի խրախուսանքներից։ Ինձ մնացել էր ընդամենը 2 ամիս՝ մինչեւ իմ կենսաթոշակը։ Այդքանը կարող եմ իմ մասով ասել, մնացածը իրականում չեմ ընկալում, թե ինչ տեղի ունեցավ։ Գուցե խորհուրդը պատճառաբանի իր այդ որոշումը։ Իսկ մենք չենք լքում, մեզ ուղղակի չեն թողնում, որ մենք ավարտենք մեր պաշտոնավարումը»,- պատասխանեց դատավորը։

Թեեւ ԲԴԽ որոշումները բողոքարկման ենթակա չեն, սակայն պաշտոնանկ արված դատավորները նշում են, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցում հետեւողական են լինելու։ Ալեքսեյ Սուքոյանին հարցրինք՝ ինքն է՞լ է փորձելու պաշտպանել իր իրավունքները, թե՞ համակերպվելու է ԲԴԽ որոշման հետ։ «Մի փոքր առաջ եք գնում, ես դեռ պետք է հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել։ Միգուցե ԲԴԽ-ի կողմից այնպիսի պատճառաբանված որոշում լինի, որ ես առհասարակ որեւէ քայլ էլ չձեռնարկեմ իմ իրավունքները, շահերը պաշտպանելու համար, իսկ եթե տեսնեմ, որ այն խախտումները, որոնք ինձ մեղսագրվում են, չեն կրում պատճառաբանված ու հիմնավորված բնույթ, ապա ես իմ իրավունքներն իրավական դաշտում կիրացնեմ»,- պատասխանեց դատավորը։

Ալեքսեյ Սուքոյանը 1988 թվականից մինչեւ 1991 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ նախ որպես իրավախորհրդատու, ապա՝ առաջին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 1991-1996 թթ․ աշխատել է ՀՀ Բնապահպանության դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, ապա՝ ավագ օգնական։ 1996-1999 թթ․ եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ օգնականը։ 1999-2002 թթ․ աշխատել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2002-2009 թվականներին աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։ 2008-2009 թվականներին աշխատել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր։ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2017 թվականից սկսած՝ պաշտոնավարել է որպես  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Փաստաբանների կողմից գնահատումների արդյունքներով՝ Սուքոյանը դրական վարկանիշ ունեցող դատավոր է, քվեարկած փաստաբաններից 18 հոգի Սուքոյանի գործունեությունը դրական է գնահատել, ընդամենը 3 հոգի՝ բացասական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել