Վերջին շրջանում երկու ցավալի դեպք ունեցանք՝ «Սումալու»-ի եւ Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհւ դեպքերը, եւ սա մեզ բոլորիս համար ահազանգ է, որ հետեւենք չափանիշներին համապատասխանությանը, դրա ստռուգումն ավելի խստացնենք եւ այնպես անենք, որ անվտանգության բոլոր չափանիշները պահպանված լինեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառը փակելու որոշմանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր առանց փակելու, ընթացքում իրականացնել անհրաժեշտ գործողությունները, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ ընդունվել է ամենախելամիտ որոշումը: Եթե դուք էլ լինեք այդ տոնավաճառում, կտեսնեք, որ այնտեղ աշխատող մարդկանց համար էլ վատ աշխատանքային պայմաններ են:  Ինչ վերաբերում է այդ մարդկանց, ապա մոտակայքում կան առեւտրի կենտրոններ, այնտեղ կարելի է հանգիստ տեղ ճարել եւ շարունակել իրենց բիզնես գործունեությունը»:

Նա նաեւ ասաց, որ տեղյակ չէ՝ արդյոք երեք ամսով, ժամանակավոր է տոնավաճառը փակվել, թե անժամկետ:

Քերոբյանը վստահություն հայտնեց, որ պետք է բոլոր շուկաները ստուգվեն, եւ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիները ամբողջությամբ պաշտպանված լինեն. «Պետք է հետեւողականորեն խստացվի, նաեւ տուգանքների չափը պետք է փոխվի, որ կարողանանք հասնել կյանքի որակի փոփոխությանը եւ անվտանգային պահանջների կատարմանը: Ես կարծում եմ՝ այս որոշումը վերջնական է»:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: Այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, ապա նաեւ տոնավաճառի տնօրենի գլխավորությամբ հանդիպել Տեսչական մարմնի ղեկավարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել