168.am-ը գրում է․

«Ադրբեջանն է՛լ ավելի է սրում վերջին մեկ տարվա ընթացքում զարգացող իրանաադրբեջանական լարվածությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին ու Արցախի շրջափակման խնդրին։

Նա նշեց, որ Իսրայելի դեսպանների հավաք Բաքվում կազմակերպելով՝ Ադրբեջանը բացահայտ նոր խնդիր է ստեղծում Իրանի հետ հարաբերություններում, որից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը խորհրդակցությունների համար Իրանում է։

Ըստ նրա, Իրանը սրման չի գնում, սակայն պատրաստ է ամենատարբեր ու ամենավատ սցենարներին։

Վերլուծաբանի կարծիքով, ամենևին էլ պատահական չէ, որ օրերս լույս տեսած Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում կար պատերազմ Իրանում կանխատեսում։

Նա գտնում է, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շատ զարգացումներ ուղիղ կապ ունեն Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ։

«Սակայն Իրանը պատրաստ երկիր է, պատրաստ է ցանկացած զարգացման»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրավիճակին, ապա, Սալամիի խոսքով, վտանգներ կան նաև Իրանի հարևան ռեգիոնում։

«Իրանը հստակ վերաբերմունք ունի Սյունիքում նոր ճանապարհների վերաբերյալ, հասկանալով այդ վտանգները՝ տեղակայեց հյուպատոսարան ու ուղերձ հղեց աշխարհին։ Կարծում եմ՝ Իրանի այս քայլերը ևս որոշակի դերակատարություն ունեցան իրավիճակի վրա և մեծ լարվածություն հարուցեցին Ադրբեջանում Իրանի նկատմամբ։ Սակայն Իրանն իր կարմիր գծերից չի հեռանա։

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը և շրջափակման թեմային, այս հարցում ևս Իրանը համարում է, որ լավագույն լուծումը բանակցություններն են, Իրանը դեմ է քայլերին, որոնք հումանիտար խնդիրներ են ստեղծում։ Այստեղ Իրանը հրապարակային հայտարարություններ քիչ է անում, քանի որ այս հարցում տարիներ ի վեր աջակցել է տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչպես Հայաստանի դեպքում։

Սակայն, ինչպես տեսնում ենք, Իրանն այսօր զուսպ է խոսում նաև այդ սկզբունքի մասին ԼՂ հակամարտության դեպքում՝ փորձելով չհակասել իր նախկին դիրքորոշումներին, սակայն նաև չաջակցել քայլերին, որոնք հումանիտար խնդիրներ են ստեղծում»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել