Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, եւ արդեն իններորդ օրն է՝ 120 հազար արցախցիների վերցրել շրջափակման մեզ։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն եւ Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Հատկապես վերջին օրերին կոչեր են հնչում, թե Արցախում էլ պետք է կոնտրքայլերի գնալ, ադրբեջանցիների համար փակել մեր ճանապարհները։ Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ ճանապարհներ երբեմն ծառայում են նաեւ ադրբեջանցիներին, որոնք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ զորամասեր սնունդ, զինտեխնիկա են տեղափոխում։ Մասնավորապես խոսքն Աղդամ-Քարվաճառ, Մատաղիս-Քարվաճառ, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շուշի երթուղիների մասին է։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բլոկադայի առաջին օրերին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, օրակարգային առաջնահերթ հարցերից մեկն էլ դա է եղել։

Նիստում եկել են եզրահանգման, որ եթե Ադրբեջանը շարունակի փակ պահել Լաչինի միջանցքը, իրենք էլ պետք է թույլ չտան, որ մեր ճանապարհներով ադրբեջանցիները սնունդ եւ այլ պարագաներ հասցնեն իրենց զինվորներին։ Մեզ ասացին, որ անցած օրերին մի քանի տեղ փորձարկել են այս տարբերակը, դրանց մասին անգամ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, թե արցախցիները թույլ չեն տալիս, որ Աղդամից ադրբեջանցիները Մարտակերտի ճանապարհով հասնեն Քարվաճառ։ 

Սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ ադրբեջանցիներն այդ ճանապարհների հույսին չեն եւ  իրենց գործն անում են ռազմական ուղղաթիռների միջոցով։ Փոխարենը գնալով բարդանում է շրջափակված արցախցիների վիճակը, հույս կար, որ ուրբաթ գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը կկատարի նաեւ նախորդ օրվա բանակցությունների ժամանակ արցախյան կողմի առաջ քաշած մյուս պահանջը եւս՝ կբացի ճանապարհը, որից հետո կստանա Կաշենի հանքում մոնիթորինգ անելու թույլտվություն, սակայն այդ հույսը երեկվա դրությամբ արդեն մարել էր։

Արցախի քաղաքական շրջանակներում գազամատակարարման վերականգնումն ադրբեջանցիների կողմից հերթական խորամանկ քայլն էր՝ ուղղված միջազգային հանրությանը՝ առ այն, որ տեղին չեն իրենց ուղղված մեղադրանքները, թե արցախցիների նկատմամբ սպիտակ ջարդ է իրականացվում, իրենք նման մտադրություններ չունեն, հակառակ դեպքում ձմռան կեսին նրանց կթողնեին առանց ջեռուցման։ Ադրբեջանցիները փորձում են աշխարհին հավատացնել, որ խնդիրը զուտ բնապահպանական է։ Սակայն ադրբեջանական գործողություններից առավել արցախցիներին նյարդայնացնում է Հայաստանի իշխանությունների հանցավոր լռությունը, իսկ վերջին օրերին Արցախի քաղաքական շրջանակներում խուլ դժգոհություն եւ անվստահություն է հասունանում նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա թիմի նկատմամբ։

Մինչ բոլորը, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, պահանջատիրական կոչեր են հնչեցնում Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանն ուղղված՝ ասվածի ապացույցն ԱՀ խորհրդարանի ընդունած հայտարարությունն է, Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով մի քանի օր է՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ նստացույց է անում եւ պահանջներ ներկայացնում ՄԱԿ-ին, ոչ մի թթու խոսք ու պահանջ չի ներկայացնում ՀՀ իշխանությունների հասցեին։ 

Նկատենք, որ Արցախում արդեն սկսել են այդ մասին բարձրաձայնել, երեկ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե  Հակոբյանն էր ուշագրավ գրառում արել․ «Ինչո՞ւ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից... Ինչո՞ւ առայսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից... ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց...

ՀԳ. Ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում են Նիկոլը, նրան առայսօր սատարողները, լռողները, «սպասողները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել