Lurer.com-ը գրում է.

Անցնող տարվա ընթացքում Հայաստանում լսվեցին մի շարք անուններ, որոնք համալրեցին Նոր Հայաստանի մեծահարուսների ցանկը՝ ընդհուպ մոտենալով օլիգարխների ցուցանիշներին։

Դիցուք՝  այս տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխին կերտեց: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, ապա հիշեցնենք` ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատել մաքսատուրքից՝ ներդրումային ծրագրի շրջանակներում։

Սա էլ բավարար չէր, Նալբանդյանի անունը հնչեց ևս երկու աղմկահարույց իրադարձությունների ֆոնին։ Առաջինը` ձվի շուկայում ստեղծված իավիճակն էր, երբ պարզ դարձավ, որ ՄՊՀ կողմնակի դիտորդի դերում գտնվելու արդյունքում Նալբանդյանը փորձում է ձեռք բերել սնանկացող մի շարք ընկերություններ։ Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունն սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն` պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն։ ՏՄՊՊՀ-ն, թեև ուսումնասիրություններ էր սկսել, սակայն դրանց արդյունքը, մեղմ ասած, չի երևում։ Մեկ ընկերություն առանց որևէ խոչընդոտի դեմպինգի է դիմում` ըստ էության շուկայից դուրս մղելով փոքր ու միջին խաղացողներին։ Ուշագրավն այստեղ այն է, որ մամուլը գրել էր նան, որ Նալբանդյանին է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով: 2022թ.-ի հունվարի 1-ից մինչև նույն տարվա հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 9 պայմանագիր՝ բոլորն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է մոտ 222 մլն 160 հազ. դրամ:

2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով այս տարի պայմանագիր է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։ Նշենք, որ Հակոբջանյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանում և Արցախում մեկ անձից գնումների առաջատարն է. այս ընկերությանն են վստահվում միլիարդավոր դրամներ՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ ասֆալտ փռելու կամ բնակարանաշինության ծրագրեր իրականացնելու համար։ Բացի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 449 մլն դրամի՝ վերանորոգելով Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածը։

Իհարկե, չենք կարող պնդել, որ այս բոլոր դեպքերում առկա է կոռուպցիոն ռիսկ, սակայն փաստ է, որ վերը նշված անձինք մինչ հեղափոխությունը քչերին էին հայտնի, իսկ արդեն հեղափոխությունից հետո, լինելով մտերիմ իշխանամերձ շրջանակների հետ կամ մաս կազմելով իշխանությանը, կարողացան հաջողությամբ առաջ մղել իրենց բիզնեսները՝ համալրելով Նոր Հայաստանի մեծահարուստների, կամ ժողովրդի լեզվով ասած՝ օլիգարխների շարքերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել