Նրանք չէին էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կյանքը, իսկ մենք այսօր նրանց մասին անցյալով ենք խոսում։ Ասում են, որ մահը միշտ տանում է այն, ինչը մեկ անգամ է գոյություն ունեցել, ինչը էլ երբեք չի լինելու ու չի էլ կրկնվելու։ Իրենք իրենց տեսակի մեջ եզակի էին...
Էս տեսարանի հետ երբեք էլ համակերպվել չի լինի, որովհետև էս հողի վրա էս տղերքն ամենաշատն էին ուզում ապրել, ամենաշատը նրանք իրավունք ունեին ապրել։
Նրանք հիմա այստեղ են, այս տեսքով այն բանի համար, որ կանգնեցնեին մահին, որպեսզի սահմանից այն կողմ գտնվող մարդիկ չիմանային, թե ինչ ասել է աչքիդ առաջ մահացող ընկերը, ինչ ասել է չամոքվող վիշտը։
Մահվանը դիմագրավելով, նրանք չգիտեին, չէին պատկերացնում, թե ինչպես պետք է դիմավորել և ընդունել նրան, ինչպես պետք է մահանալ, որպեսզի մահն ինքը սարսափի իրենց հանդիպելով։ Բայց մի բան հստակ է. նրանք արեցին այն, ինչի համար աշխարհ էին եկել։ Էսօրվա ձեր առօրյան դրա վառ օրինակ։
Ցավոք, կարճ ժամանակ անց, նրանց շատերն արդեն չեն հիշում, նրանց արածը ըստ արժանվույն չեն գնահատում, չեն պատկերացնում, թե ինչ են արել էս տղերքը ու ինչի են արել։ Թերևս մենակ կենացներում, ուտուշ-խմուշի մեջտեղներում։
Բայց հիշողը հիշում է ու հիշելու է հավիտյանս հավիտենից։ Մենք գիտենք մեր տղերքին, անգամ, եթե նրանցից շատերի անունները մինչ օրս պաշտոնական ցուցակներում չկան։ Մենք գիտենք նրանց և մենք կպահպանենք նրանց անունները մարդկանց հիշողության մեջ մեկ առ մեկ, որովհետև մենք ազգ ենք, այլ ոչ նախիր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել