Ուկրաինական պատերազմի ընթացքն առիթ է, որ վերանայվեն 2008-ից հետո ռուսական բանակի ռեֆորմի արդյունքները։ Մեր համար դա հիմա, իհարկե, զուտ մտավարժանք է, քանի որ գործնական եզրակացություններ անելու համար հայտնի խոչընդոտ կա, բայց ինչևէ։
Հիշեցնեմ, որ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց բանակի ռեֆորմներ, որը համակարգում էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։
Սերդյուկովի ռեֆորմի իմաստը բանակի ավելորդ, ոչ ֆունկցիոնալ, ծախսատար, «на запас» կոնստրուկցիաների ապամոնտաժումն էր ու բանակի վերածումը կոմպակտ (Ռուսաստանի մասշտաբներով), բարձր պատրաստված (եթե կուզեք՝ պրոֆեսիոնալ) գործիքի։
Արդեն այն ժամանակ այս ռեֆորմը լուրջ հակազդեցության էր արժանանում ռուսական զինվորականության կոնսերվատիվ, խորհրդային ավանդույթների կրող շերտի կողմից, սակայն անկախ ամեն ինչից ռեֆորմը մեծամասամբ ի կատար ածվեց։ Դրա արդյունքում օպտիմալացվեցին զինկոմիսարիատները, հոսպիտալները, պահեստները, ստորաբաժանումների սպայական հաստիքները, գործնականում վերացվեցին ենթասպայական հաստիքների մեծ մասը, բայց, որ ամենակարևորն է, օպտիմալացվեցին այսպես կոչված՝ կադրավորված դիվիզիաները (օպտիմալացում բառը Ռուսաստանում ու Հայաստանում նույն իմաստն ունի, էլի)։ Հիշեցնեմ՝ խորհրդային բանակում կադրավորված էին կոչվում այն դիվիզիաները, որոնք խաղաղ ժամանակ առավելապես համալրված էին սպայակազմով և նվազագույն քանակի շարքայիններով, իսկ պատերազմի ժամանակ արդեն համալրվում էին զորակոչվածներով և դառնում լիարժեք դիվիզիա։
Կոնսերվատորների «а если завтра война?» աղաղակն անտեսվում էր՝ համարելով, որ դա կոռուպցիոն կերակրատաշտից զրկվածների աղմուկ է (ինչը, բնականաբար, նույնպես ճիշտ էր)։
Ղրիմի անեքսիան ու Դոնբասում 2014-ի մարտերը, ինչպես նաև Սիրիական պատերազմը ցույց տվեցին ռուսական նոր տեսքի այս բանակի բարձր արդյունավետությունը։ Ու թվում էր, թե Սերդյուկովի քննադատների պորտը վերջնական տեղը դրվեց, բայց այս տարի պատահեց այդ «а если завтра война?»-ն։ Եթե Ղրիմն ու Սիրիան դրանք, ըստ էության, էքպսեդիցիոն պատերազմներ էին, ապա ուկրաինականն արդեն լայնամասշտաբ պատերազմ էր իր կարողություններով համեմատելի պետության հետ։ Ավելին՝ ուկրաինացիները բավականին արագ կարողացան ռազմաճակատում ռուսների նկատմամբ միջնում 2-3 անգամյա թվային գերազանցություն ստանալ։
Ու այստեղ, ինչպես ասում են, в полный рост ոտքի կանգնեցին այն ռիսկերը, որոնք Սերդյուկովի քննադատ կոռումպացված ռետրոգրադները մատնանշում էին։ Ռուսաստանը պատրաստ չէր մասսայական մոբիլիզացիայի։
Անգամ 300000 հոգու մասնակի զորահավաքը (իսկ ռուսական բանակին այսօր առնվազն դրա կրկնակին է պետք) օպտիմալացված զինկոմիսարիատները ուղղակի չեն հասցնում պատշաճ կազմակերպել․ չունեն անհրաժեշտ թողունակություն։ Թիկունքի ծառայությունները նախատեսված չեն այդ քանակի մարդու արագ սպառազինելու և հանդերձավորելու համար։ Կադրավորված դիվիզիաների բացակայության պայմաններում Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, այսօր ստիպված է նոր զորամիավորումներ ձևավորել լրիվ զրոյից, որոնցում անգամ բրիգադի հրամկազմն է երեկվա էլեկտրիկ-սանտեխնիկ-տաքսու վարորդ․ թեկուզ և պահեստի սպայի զինգրքույկով։ Ու ինքը դեռ պիտի ծանոթանա սպայական ուսադիրներով իր ենթակա երեկվա էլեկտրիկ-սանտեխնիկ-տաքսու վարորդների հետ։ Փաստացի, որքան էլ դա տարօրինակ հնչի, բայց Սերդյուկովի նոր տեսքի բանակով Ռուսաստանի մոբիլիզացիոն հնարավորությունները հասցված են նվազագույնի․ մարդկանց գլխաքանակ, իհարկե, կա, բայց այդ բոլորին կազմակերպելու և գործի մեջ դնելու ենթակառուցվածքները չկան։ Ու Ռուսաստանում ստիպված ինչ-որ իմպրովիզիացիոն լուծումներ են մոգոնում գոնե ինչ-որ կերպ մոբիլիզացիայի էշը ցեխից հանելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել