Շատ են գալիս ասում. "Տէր հայր մի բան ասա մեզ..։"
Ի՞նչ ասեմ։ Շատ ասացի, տարիներով գրեցի։ Ոմանք ծաղրեցին, ոմանք հայհոյեցին ու թքեցին։ Քիչ-քիչ սկսեցին լսել, երբ նորօրեայ "փրկիչը" Եռաբլուրը եռապատկեց, երկիրը վաճառեց ու բոլորին ստերով կերակրեց։
Մի բարկացէք ձեր թուրքասէր իշխանություններից , որին ընտրեցիք ձեր սրտերով, ծափերով ու գոռոցներով։ Ու ապա, ձեր որդիների արեամբ ու սրբութիւնների պղծումով ու ամէն բանի արժէզրկումով։
Հաւատացիք աշխարհին, բերնով խոստովանեցիք, բայց կեանքերով ուրացաք հաւատքն ու իրական Փրկիչը, ու խոտորեցիք բարոյական արժէքներից։
"Խաղաղութեան" սիրոյն ծախեցիք ձեր եղբայրները ու երկրի դարպասները, զարմանալով թէ ատամները սրած գայլերը ինչու սիրում են յօշոտել ձեզ միշտ...։
Կառափնատ տարիք ձեր ամբողջ երկիրը եւ նրա որդիները, ու կախաղանի պարանը ու բանալին տուեցիք ձեզ սպանողի ձեռքը, ընդէ՞ր զարմանայք։
Նախապէս ասացի ձեզ. "ժողովրդի աչքերը բացելու են կամ սուտը, կամ սովը եւ կամ թշնամին..։"
Նախապէս ասացի ձեզ. "Մեծագոյն ցաւը ձեզ քնացնողներն են...։"
Նախապէս ասացի ձեզ. "Հայաստանի ու Արցախի համար իմ աղօթքը, պատերազմի պատրաստ ազգ-բանակն է:"
Նաեւ ասացի ձեզ. "թուրքին համար խաղաղութիւնը ձեզ տարագրելն ու ցեղասպանելն է։ Չէ՞ք ուզում հասկանալ, շուտով կը հասկանաք..."
Ցաւում եմ որ մեր ժողովուրդը "քրիստոնէական" իր "սիրով" այնքա՟ն սիրում է թուրք ցեղասպան իր թշնամուն, ու կարօտ է նրա մահաբեր սրին, դանակին, ռումբերին ու բռնաբար ոգիին, որ այդ կարօտախտով վարակուած, ատում, հայհոյում, թքում է իր ազգասէր ու հայրենասէր ազգի կէսին վրայ, որպեսզի թուրքը Հայաստան մտնի, "մեր ու մանուկ կոտորի", "տականք ղարաբաղցիներին" ոչնչացնի, "սփիւռքի զզվելի աղբարներին" հեռացնի ու բաժանի հայրենիքից խաղաղութիւն տիրի ու մի սեւ օր տեսնի իր "եղբայր" թուրքերը, ովքեր Հայաստանը մեծ սպանդանոցի ու լլկավայրի են վերածելու... խաղաղութեան համար։
Չլսեցին շատեր, մինչեւ այսօր չեն լսում իրենց ռեստորաններում ու քէֆի վայրերում "դուխով" երբ սահմանին հայ սակաւազէն հերոսների արիւնն է թափւում։
Չլսեցին ու չեն լսում շատեր, որ մինչեւ օրս "նախկինները", "բա ո՞վ լինի" յետամնաց, արգահատելի ու հայրենատեաց բառերն են հոլովում։
Չլսեցին ու չեն լսելու նրանք, ովքեր զբաղ են ծախուած եղբայրների արիւնն ու ոսկորները պարգեւավճարների ու տների վերածելու գործին, որի մէջ ամէ՜ն մարդ մեղաւոր է, բայց իրենք, երբէք։
Չեն լսելու, քանի շատերին համար, երկու արծաթի հնչիւնը աւելի բարձր է քան հայրենիքի համար նահատակուող զինուորների հռնդիւնը։
Որովհետեւ Աստուած հեռացուեց սրտերից ու փոխանակ սիրոյն, այնտեղ նստեց ձեր յաւիտենական եսերը։
Ձեր երկիրը կախաղան հանեց ոչ մի ժողովուրդ, բացի քեզնից... ժողովուրդ...։
Նախընտրում եմ լռել...։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել