ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել է, որ կանխիկի կրճատման մասին օրենքի գործելուց հետո հնարավոր չի լինի կանխիկով բնակարան կամ ավտոմեքենա գնել, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով։

«Հուլիսի 1-ից շրջանառության մեջ կմտնի կանխիկի կրճատման մասին օրենքը։ Լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում։ Հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, օրինակ՝ բնակարանի առուվաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել կամ հնարավոր է լինելու, պարզապես հետագայում վիճարկելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու։ Սա իր հերթին բերելու է լրացուցիչ էֆեկտների»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ կներդրվի նաև համընդհանուր հայտարարագրման համակարգ։

«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023թ․ եկամուտների համար։ Սա նույնպես կարեւոր տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթական նշանակություն ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել