Տևական ժամանակ է արդեն, որ հարյուրավոր արժանապատիվ քաղաքացիներ Երևանի տարբեր փողոցներում խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքով պաշտպանված ակցիաներ են իրականացնում։ Այդ ակցիաները կրում են բացարձակ նույն բնույթը, նույն եղանակը և հիմնականում նույն ժամանակահատվածը։ Դրանք անցկացվում են երթերով, որի ընթացքում փակվում և բացվում են տարբեր փողոցներ։ Բոլոր օրերին այդ ակցիաներն ունեն նույն ժամանակը, նույն վայրը և նույն եղանակը։ Այսինքն՝ ունեն նույն փաստական հանգամանքները։
Սակայն մենք ամեն օր նկատում ենք ոստիկանության կողմից տարբեր գործողություններ։
1) Մի օր երթին մասնակցող քաղաքացիներին ուղեկցում են ոստիկանության ծառայողները և ակցիաներն անցնում են գրեթե առանց խոչընդոտների, փողոցներ փակելու դեպքում ոստիկանության ներկայացուցչի հետ ձեռք է բերվում ժամանակահատվածի մասին պայմանավորվածություն և ամեն բան կարծես թե նորմալ ընթացքով անցնում է։
2) հաջորդ օրը ոստիկանությունը առանց որևէ քննարկման, օրենքով իր վրա դրված պարտականություն համարվող ծանուցման, հավաքը դադարեցնելու օրինական պահանջի ներկայացման՝ ոստիկանության համազգեստով, բայց խուլիգանի վարքուբարքով հարյուրավոր ծառայողներ հարձակվում են խաղաղ երթի մասնակիցների վրա և ամենակոպիտ ու դաժան եղանակով, հաճախ՝ ծեծելով, բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ։
Հենց այս նյութը գրելուս պահին բազմաթիվ խմբերով քաղաքացիներ Երևանի բազմաթիվ փողոցներում իրականացնում են խաղաղ երթեր, որն ուղեկցվում է ոստիկանության կողմից, փողոցները փակվում և բացվում են առանց ոստիկանական խոչընդոտների։ Հիմա հիշում եմ երեկ տեղի ունեցածը՝ ոստիկանները վայրենու նման հարձակվեցին մարդկանց վրա, ծեծելով բերման ենթարկեցին, մարդկանց առևանգում էին նույնիսկ մայթերից, երբ հայտարարվել էր, որ ակցիան ավարտվել է։
Այս համեմատականը ունի կարևոր հարցի քննարկման անհրաժեշտություն։ Այդպիսի տարբերակված մոտեցմամն պետությունը հայտարարում է, որ բռնատիրական է, որ երբ ուզի կարող է թույլատրել մարդուն իրացնել իր սահմանադրական իրավունքը, երբ ուզի՝ կարող է արգելել, մինչդեռ մարդկանց սահմանադրական իրավունքները պետության պարտականություններն են։
Այդպիսի տարբերակված (անհավասար) մոտեցում ցուցաբերելն արգելված է օրենքով, ըստ որի՝ ոստիկանությանն արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Հատկանշական է, որ տարբերակման հիմքի առկայության դեպքում օրենքը ոստիկանությանը պարտադրում է այդ մասին հիմնավոր պատճառաբանված հայտնել այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերվի տարբերակված մոտեցում։
Մնացյալ ամեն հայտարարություն, որ անում են այս իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ պնդելով, թե ոստիկանությունն իրավաչափ է գործում, հիմնազուրկ է և կրում է բացառապես մի նպատակ՝ դուխ տալ ոստիկանությանը, որպեսզի երբ պետք լինի հրամայեն նույն ոստիկանությանը կատարելու հանցագործություններ, իսկ ոստիկանությունն էլ առանց քննարկման դրանք կատարի։
Այս իշխանությանը հեռացնելուց հետո ահռելի գործ պետք է արվի հենց ոստիկանության համակարգում։ Անհրաժեշտ է ոստիկանությունը ամբողջությամբ ենթարկել բարեկարգման։ Առանց դրա մենք երբևէ չենք ունենա ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն և կշարունակենք ունենալ պետություն, որի Սահմանադրության հենց 1-ին հոդվածը կլինի խախտված հենց իշխանության կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել