Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում Հայաստանում ու Արցախում կա՛մ նոր պատերազմ է լինելու, կա՛մ հայրենազրկում։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում այս հայտարարությունն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա վերահաստատեց նախկինում արված այն հայտարարությունը, թե իրենց իշխանության գալու դեպքում Արցախի հարցում Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած բոլոր պայմանավորվածություններն առ ոչինչ են հայտարարելու։
«Որովհետև այն պայմանավորվածությունները, որ ինքը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման, Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար անընդունելի է մեզ համար։ Մենք չենք ասում, որ այս իշխանությանը հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու։ Բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով, մեր պետության շահերը պաշտպանելու։ Ոչ թե գնալու ենք գլուխներս կախ, տեսնենք` ինչ են ասում իրենք»,– ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Փաշինյանն ունի պայմանավորվածություններ, որոնք կա՛մ պետք է կատարի ու գնա նոր զիջումների, կա՛մ գնա նոր պատերազմի։ Այս պարագայում միակ ելքը, ընդդիմադիր գործչի համոզմամբ, իշխանափոխությունն է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել