168.am-ը գրում է.

Ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահն անդրադառնալով Հայաստանի հետ սահմանների սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, հայտարարել էր, թե չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի:

«Որպես հիմք՝ պետք է վերցնել պատմությունն ու այն քարտեզները, որոնք եղել է Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, սակայն չպետք է հիմնվել մեկ քարտեզի վրա»,- նշել է Ալիևը։

Որպես օրինակ՝ Ալիևն ընդգծել էր 1920 թվականի քարտեզը, ըստ որի՝ «Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել, իսկ Հայաստանն Իրանի հետ սահման չի ունեցել»:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն ասաց, որ պատմության ընթացքում առանց քարտեզների սահմանագծում ու սահմանազատում իրականացրել են այն ժամանակ, եթե հողը զավթել են։ Նման դեպքերում քարտեզներին որևէ մեկն ուշադրություն չի դարձրել։

«Ուժ պետք է ունենաս, որպեսզի պաշտպանես քո հայրենիքը, իսկ թշնամին միշտ պատրաստ է հող խլելու, այն էլ այնպես նենգ ու սրիկա թշնամի, ինչպիսին մենք ունենք։ Այնպես որ, այս ամենը զարմանալու չէ։ Իսկ քարտեզներ կան, ամենաճշգրիտ քարտեզները, որոնք ես գիտեմ, ինքս մասնագետ չեմ, ռազմական քարտեզներն են, մասնավորապես՝ Գլխավոր շտաբի, թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ Խորհրդային Միության։ Ցարական Ռուսաստանի ռազմական  քարտեզներին որոշ չափով ինքս ծանոթ եմ, դրանք շատ-շատ են, սակայն դրանք քիչ օգուտ կտան, որովհետև այն ժամանակ նահանգներ էին և հանրապետության սահմանների հետ քիչ են առնչվում։ Բայց Խորհրդային Միության ռազմական քարտեզները, համոզված եմ՝ ամենաստույգ քարտեզներն են։ Բայց ես հիմա չեմ կարող դրա մասին մանրամասն խոսել, որովհետև ես քարտեզագետ չեմ»,- նշեց Արամ Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման վերաբերյալ երկուստեք արված հայտարարություններին և հարցին՝ այս պայմանագիրը կարո՞ղ է խաղաղություն ապահովել Հայաստանի ու Արցախի համար, Արամ Սիմոնյանը պատասխանեց.

«Խաղաղություն հնարավոր է  ապահովել միայն ուժի առկայության դեպքում։ Վերջին հաշվով խաղաղությունը տարածաշրջանի խոշոր խաղացողների ձեռքին է, այդ թվում՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի։ Մեր երկրի ազգային անվտանգությունը, էթնոսի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, սա մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այլ հարց է,  քանի որ որոշ մարդիկ կան, որոնք խարխափում են ու ասում, որ դա սխալ է, ինչը մեծագույն հիմարություն է։ Ռուսաստանն է մեր անվտանգությունը պաշտպանել ու ապահովել, իհարկե, մեր ակտիվ մասնակցությամբ»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել