Նախ՝ չեմ սպասում արագ փոփոխությունների և հստակ «վերջնախաղի»։
Իհարկե, եթե իրադարձություններն արագ զարգանան և Նիկոլն արագ հեռացվի, որպես արդյունք ստեղծվի քիչ թե շատ աշխատունակ ազգային համաձայնության կառավարություն, որն էլ միանգամից լծվի Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության գործին, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ Վրթանեսյան Կարենը և բոլորի գլուխները կտանեմ, թե. «Այ տեսեք, թե ինչ կարգի սխալվեցի այս հարցում»։
Երկրորդը՝ հասկանում եմ, որ ներկա գործընթացները (ինքնաբուխ բողոքի ցույցեր, հետո ապատիա և հուսահատություն, հետո կատաղություն, հետո նոր բողոքներ ևն) ԲՆԱԿԱՆ են, սրանք ճգնաժամում հայտնված ազգային ինքնության դրսևորումներ են։
Շատերդ չեն հավատա, բայց հիմա մեր աչքի առաջ ազգաստեղծման նորմալ գործընթացներ են ծավալվում (այո, մեր հինավուրց ազգը անընդհատ, այսպես ասած, վերածնվում է, վերակերտվում. սա նորմալ երևույթ է բոլոր ազգերի համար)։
Մեր ինքնությունը այլ էր մինչև 44-օրյա պատերազմը, պարտությունից հետո՝ որոշակիորեն այլ։ Հիմա բոլորովս նոր խորհրդանիշներ ենք փնտրում, որոնց շուրջ համախմբումը կօգնի հաղթահարել ինքնության ներկա ճգնաժամը։
Բնականաբար, #հակաՀայաստան-ը ամեն կերպ փորձելու է դրան խանգարել։ Դուխաթափ, կոտրած կամքով, ապատիայի և փոխադարձ ատելության մեջ խեղդված հայեր են պետք ազգի թշնամիներին՝ ներառյալ Նիկոլի թուրքահպատակ ոհմակին։
Երրորդը՝ հարց է առաջանում, իսկ ո՞րն է այսօրվա գործողություններին մասնակցելու իմաստը։ Ես գնալու եմ Օպերայի բակ ոչ թե այս կամ այն գործչին միանալու, ոչ էլ անմիջապես տեսանելի արդյունքների ակնկալիքով, այլ ազգավերակերտման գործընթացներին մասնակցելու համար։
Ավելի կոնկրետ. լսելու, խոսելու, ազգայնականների մեր խմբի գաղափարները մարդկանց փոխանցելու և իրենց մտքերը «գողանալու» համար։ Նոր մարդկանց ճանաչելու, ոտքի վրա ձևակերպվող բանաձևերը գրանցելու, հղկելու, այդ գաղափարների շուրջ նորանոր մարդկանց հետ համախմբվելու։
Գրածս գուցե շատ վերացական թվա, բայց, բարեկամնե՛ր, առանց այս դժվար փուլն անցնելու մենք առաջ չենք շարժվելու։ Առանց այս փուլի ազգային ուժերը չեն կարողանալու ստեղծեն ու հղկեն հստակ ասելիք՝ նարատիվներ, չեն կարողանալու դրանցով վարակեն այլոց, ինչը համազգային մոբիլիզացիայի պարտադիր պայման է։
Ասածս չի նշանակում, որ ես ինձ կողմնակի դիտորդ եմ պատկերացնում, և չեմ պատրաստվում ինչ-որ ակտիվ գործողությունների մասնակցել (այն մակաբույծ մտավորականների պես, որոնք տասնամյակներով վայելել են ազգի ռեսուրսները, իսկ հիմա ազգի համար դժվարին պահին իրենց դասալքությունը փորձում են քողարկել. «Իմ գործը կարդալ-գրելն է, իսկ ձերը՝ խրամատ պահելը» տիպի դեմագոգիկ արդարացումներով), ո՛չ, ո՛չ և ո՛չ։
Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, խփոցիների մեջ, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում։
Այսօրվա ռացիոնալ ազգայնականը պետք է լինի ցույցերին, մասնակցի զանազան գործողությունների՝ թե՛ փողոցում, թե՛ մեդիադաշտում, թե՛ այլուր։
Մենք բոլորս՝ նախկին «նորմալ կյանքի» իներցիայով, մեր պատմության այս փուլը դիտարկում ենք որպես սև, աղետալի շրջան, որովհետև այն նախկին «նորմալից» տարբերվում է։
Եթե նորմալի այս պատրանքը մի կողմ դնենք, կհասկանանք. մենք Հայաստանի վերակերտման որոշիչ մի փուլում ենք և բոլորս վկա ու նաև մասնակից ենք պատմական կարևորագույն գործընթացների։
Որպեսզի այդ փուլը պատվով անցնենք, պետք է սկսենք փոխադարձ վստահություն կառուցելուց։
Չկա վստահություն → չի լինի մոբիլիզացիա։
Առանց մոբիլիզացիա → չի լինի գործողություն։
Չլինի գործողություն → հակաՀայաստանը շարունակելու է ոչնչացնել Հայաստանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել