Ապրիլի 16-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է երիտասարդ գրող Վովա Արզումանյանի հինգերորդ գրքի` «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի շնորհանդեսը:
«Ճաքած պատերի լուսանցքից» գրքում տեղ գտած ստեղծագործություններում ես եմ, ընկերներս, Արցախս, Հայաստանս, հող հայրենիի արժեքն իմացող հայը… և սա կենսագրություն է՝ հայրենիքից դեպի սեր ձգվող, բոլորիս ցավի, ապրումների ու սպասումի: Սպասում, որը չի ծերանում…»,-իր ելույթում նշել է Վովա Արզումանյանը։ Ելույթներ ունեցան նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը, Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Գոհար Գալստյանը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, գրականագետ Ամալյա Սողոմոնյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Վարդուհի Բաղդասարյանը: Գինեձոնի արարողության պատիվը տրվեց գրքի հեղինակին և ընկերոջը՝ Արցախի հերոս Էդգար Մարկոսյանին: Շնորհանդեսի ժամանակ Վովա Արզումանյանի ստեղծագործություններից կարդացին սիրված դերասաններ, երաժշտական կատարումներով հանդես եկավ մեներգչուհի Աննա Մովսեսյանը, դաշնամուրային կատարումներով՝ Անի Ավանեսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել