Lurer.com-ը գրում է.

Հանրահավաքներով իշխանափոխության հասնելը բացառված է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառանալով այսօր՝ ապրիլի5-ին, խորհրդարանական ընդդիմության կողմից կայանալիք հանրահավաքին, որը ներկայիս իշխանությունների դեմ է, ինչպես նաև ի պաշտպանություն Արցախի:

«Հանրահավաքների շարքով ընդդիմադիրների համար լավագույն դեպքում կարող է քննարկման հարց դառնալ իշխանության և ընդդիմադիր ուժերի մոտեցումների հստակեցումը Արցախի հիմնախնդրի հետ կապված: Եթե այդ մոտեցումները լինեն տրամագծորեն հակառակ, ապա դա կարող է առաջացնել այնպիսի իրավիճակ, որ գնանք արտահերթ ընտրությունների: Այդ ժամանակ արդեն յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայանա իր տեսակետով»,- ասաց ՔՊ պատգամավորը:

Վերջինս վստահություն հայտնեց՝ այսօրվա իշխանությունը շատ բարձր լեգիտիմություն ունի, ներկայացնում է ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետը, և անգամ, արտահերթ ընտրության ժամանակ կհաղթի ներկայիս իշխանությունը.

«Եթե իմ այս ասածը կասկածի տակ է դրվում, ուրեմն՝ արտահերթ ընտրությունների հարցը պետք է ընդդիմադիրները բերեն իրենց օրակարգ, ոչ թե ճնշումներով ստիպեն՝ իշխանությանը հեռանալ»,-ընդգծեց Հովիկ Աղազարյանը:

Մեր այն դիտարկմանը, որ իրենք էլ են եկել իշխանության նախկիններին ճնշելով, ապա հիմա ինչու են մտածում, որ իշխանությունը ճնշելով փոխելը սխալ է, պատասխանեց.

«Եթե իրենք ամբողջ ժողովրդին կհանեն փողոց, որպես բողոքի նշան մեր իշխանության, դա այլ հարց է, բայց եթե 5000-6000 հոգով հանրահավաք պետք է անեն....: Եթե ընդդիմադիրները իրենց առաջ բերած օրակարգով կարողանան ճնշող մեծամասնությանը տանից դուրս հանել, այդ ժամանակ հարց կառաջանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ես վստահ եմ, որ նորից մեզ կընտրեն, այնքանով, որքանով որ վստահ եմ՝ մեր կատարած քայլերը ճիշտ են, բայց վերջնական գնահատական տվողը ժողովուրդն է»,- նշեց մերն զրուցակիցը:

Մեր այն հարցին, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը արդյոք չի բազմապատկի Ազատության հրապարակում հավաքված մարդկանց թիվը, պատասխանեց. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցության ազդեցությունը նույն մասսայի վրա է, հետևաբար մեկի ավելանալով չի լինի, որ մարդկանց էական ինչ-որ քանակ կրկնապատկվի»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ նա այդպիսի հանրահավաքները համարում է քաղաքական-մշակութային մաս.

«Յուրաքանչյուրը օրենքի սահմաններում իրավունք ունի իրացնել իր քաղաքական էներգիան: Հնարավոր է, որ նրանք ելույթի ժամանակ այնպիսի մտքեր և տեսակետներ հայտնեն, որը, ըստ էության, դրական իմաստով ազդի իշխանության կողմից որդեգրած քաղաքականության վրա»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել