Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

Հայարփի Սարգսյանը տեղեկացրել է, որ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ֊ում՝ մարտի 31֊ին։

«Հարցաքննվել է, ըստ էության, ներկայացված միջնորդությանս հիման վրա, որը քննիչը մերժել էր, իսկ դատախազը գտել էր, որ այն հիմնավոր է և բավարարել բողոքս։ Ներկայումս չեմ հրապարակի նշված ցուցմունքը, այդ մասին մանրամասն կներկայացնեմ քննիչի և դատախազի որոշումները ստանալուց հետո։ Սպասում եմ հատկապես գործը վերահսկող դատախազի դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ գործով մեղավոր անձինք չեն պատժվել, իսկ եղած ապացույցներով մեղադրանքներ ներկայացվել են 2008թ. միայն գործով վարույթը 2001թ. կասեցնելուց յոթ տարի անց»,֊նշեց Սարգսյանը։

Զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։

Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։

ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։ Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։

Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել