168.am-ը գրում է․

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։

Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։

Խրամորթ և Փառուխ համայնքներից տեղահանված բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը տրամադրել է սնունդ և հիգիենայի պարագաներ, ցուցաբերվելու է նաև ֆինանսական բնույթի աջակցություն։

Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետևյալ խնդիրների վրա՝

Տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։

Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։

Խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։

Նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։

ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում են խոցելիության բարձր աստիճան ունեցող անձանց՝ մասնավորապես՝ տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության մշտադիտարկումները, արձանագրվող խնդիրները հավաքագրվում և ուղարկվում են պետական լիազոր մարմիններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել