Pastinfo.am-ը գրում է.

«Ես Հորդանանից եմ, արաբ եմ, Ծաղկաձորում տուն եմ գնել, իսկ Սուրենավանում իմ գրասենյակն է, սակայն շուտով պատրաստվում եմ նաև Սուրենավանում մի տուն գնել, որովհետև այս գյուղում 11 հա հողատարածք եմ ձեռք բերել, ծիրանի այգիներ եմ հիմնել՝ 2000 ծառ, արդեն ընթացքի մեջ են նաև ֆերմա բացելու աշխատանքները։ Ցանկանում եմ օրգանական ձվի բիզնեսով զբաղվել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքում հյուրընկալված արաբ ներկայացող Թայսունը (անձնագրային անունը՝ Հայթամ Դամրայի (Haitham Damra)։ , Ինչպես արդեն նշել ենք՝ սուրենավանցիները կասկածներ են հայտնել, որ նա իրականում այլ ազգություն ունի։

Լրատվամիջոցի հետ զրույցում Հայթամ Դամրային նշում է՝ իրեն այստեղ շատ լավ է զգում։ Լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե այստեղ՝ Հայաստանում բիզնես ներդրումների համար խիստ բարենպաստ պայմաններ կան և ահա, ինքը եկել ՝ այստեղ իր բիզնեսները հիմնելու։ Ընդ որում, նկատենք, որ զրույցի ընթացքում նա խոստովանել է նախկինում ունեցած վախերի մասին. «Իրականում, մինչ Հայաստան տեղափոխվելը, մենք մի փոքր վախեցած էինք։ Այն բանից հետո, երբ լսեցինք Փաշինյանի ձևավորած կառավարության բարեփոխումների մասին, որոշեցինք գալ և բիզնես ներդրումներ կատարել այստեղ, բայց դա արեցինք մեծ զգուշությամբ։ Սակայն, այն բանից հետ, երբ սկսեցինք ապրել Հայաստանում, յուրաքանչյուր արաբի խորհուրդ ենք տալիս տեղափոխվել և ապրել այստեղ»։

Այնուհետև Հայթամ Դամրային հավելում է. «2018 թվականին ընտրվելուց հետո վարչապետ Փաշինյանը մարդկանց երաշխիքներ է տվել, որ Հայաստանում բիզնես ծրագերի հիմնումը բարեհաջող ընթացք կունենա, ես էլ մտածեցի՝ վատ չի լինի, եթե գամ այստեղ, հնարավորություններս փորձեմ։ Մտածեցի՝ ծիրան կաճեցնեմ, կարտահանեմ։ Ֆերմա եմ ուզում բացել՝ հավի օրգանական ձվեր արտադրելու համար՝ այս անգամ արդեն տեղական՝ հայկական շուկայի սպառման համար։ Քանի որ Քուվեյթում նույնպես բիզնես ունեմ, չի բացառվում, որ այնտեղ ևս արտահանեմ»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում արաբ ներկայացող Թայսունը (Հայթամ Դամրային) ուրախությամբ նշում է. «Հայկական կայքերը գրում են, որ շուտով Ուկրաինայից հարյուրավոր մարդիկ են գալու այստեղ՝ Հայաստան։ Գուցե միասին կաշխատենք, կընդլայնենք մեր բիզնես հնարավորությունները։ Ես այնտեղ նույնպես մի որոշ ժամանակ ապրել եմ, ծանոթ եմ այդ երկրին»։

Ամփոփելով զրույցը, Թայսունը (Հայթամ Դամրային) նկատում է. «Այստեղ՝ Հայաստանում ինձ զգում եմ ինչպես մեր հողում, մենք շատ նման ենք իրար, մենք նույն մշակույթի կրողներն ենք»։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք հայերն ու արաբներն այդքան նմանություն ունեն, վերջինս հաստատում է՝ այնքան նման, որ ոչ մի րոպե իրեն այստեղ՝ Հայաստանում օտար չի զգում։

Հեռախոսազրույցից հետո Թայսունը (Հայթամ Դամրային) լրագրողի հեռախոսային հավելվածին հայերեն լեզվով հաղորդագրություն էր ուղարկել, դրան կից՝ Սուրենավան համայնքում իր կողմից ձեռք բերված հողատարածքների լուսանկարները, տեղեկացնելով, որ հայերեն լեզվին ինքը նույնպես տիրապետում է։

Հիշեցնենք՝ «Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում ազգությամբ ադրբեջանցի, սակայն արաբ ներկայացող անձինք տներ և հողատարածքներ են գնել, ինչպես նաև՝ մի ադրբեջանցի սեփականաշնորհել է Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատը։

Տեղեկությունը ճշտելու համար, լրատվականը կապ էր հաստատել համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ։ Մեզ հետ զրույցում համայնքապետը կտրուկ հերքել էր լուրերը, թե Սուրենավան համայնքում ազգությամբ ադրբեջանցիները տներ կամ հողատարածքներ են գնել, իսկ լսելով հաջորդ հարցը՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը սեփականաշնորհել է տեղի՝ նավթավերամշակման կոմբինատը, համայնքապետ Անի Վարդազարյանն ընդհատել էր հեռախոսազրույցն ու անջատել հեռախոսը՝ անհասանելի դառնալով լրագրողի զանգերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել